Կենդանիներին խոշտանգելու համար մինչև 3 տարի ազատազրկում. առաջարկում է ԲՀԿ-ն

Բարգավաճ Հայաստան խմբակցությունն առաջարկում է տուգանքից բացի ազատազրկում սահմանել կենդանիներին խոշտանգելու համար:

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար: Նաև որպես լրագրող ուսումնասիրել եմ՝ արդյոք գործող ծիծաղելի տուգանքը պոտենցիալ կամ գործող սադիստներին կանխում է», - ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

 

Վերջինս նշեց, որ սոցիալական ցանցերում օրեցօր հայտնվող տեսանյութերը, որոնք պատմում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, անընդունելի են, հետևաբար կենդանիներին ծաղրի, խոշտանգումների ենթարկելու համար ԲՀԿ-ն առաջարկել է կառավարությանը ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել 258.2 հոդվածով, որի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով:

 

Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է ավելի խստացնել պատժի չափը և հոդվածով՝ բացի դաժան վերաբերմունքից և կենդանու խեղումից, պատժելի դարձնել նաև կենդանուն տանջանքի ենթարկելու համար:

 

«Կառավարության առաջակով նույն արարքի համար պատիժ է սահմանվում, եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրմամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով: Այս դեպքում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը պատժվում է տուգանքով 300-500-ապատակի չափով կամ ազատարկմամբ 1-3 տարի ժամկետով», - հավելեց Զոհրաբյանը:

 

Անդադառնալով նախորդ անգամ նախագծի ներկայացման ժամանակ իմքայլական պատգամավորների դիտարկումներին, թե նախագիծը թերի է, ինչպես նաև հստակ սահամանված չէ, թե որն է հանցագործությունը, Զոհրաբյանն ասաց, որ հանցագործության սահմանման համար պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 18-ով սահմանված «հանցագործություն» հասկացությունը:

 

Անդրադառնալով գործընկերների կողմից նախկինում օրինագծում կենդանիների պաշտպանության համար լայն շրջանակ սահմանելուն՝ Զոհրաբյանը խորհուդր տվեց ընթերցել «Անասնաբուժության մասին օրենքից», որով ամրագրված են բոլոր այն դրույթները, որոնց բացակայության պատճառով գործընկերները թերի են որակել առաջարկվող նախագիծը:

«Օգտվեք «Անասնաբուժության մասին օրենքից», որովհետև, այն ինչ հիմա ուզում եք բերել որպես փոփոխություններ՝ նշելով, որ մեր ներկայացրած նախագիծը թերի է և այս ամենը պետք է ներառել արդեն անասնաբուժության մասին օրենքով սահմանված է», - ասաց նա՝ հորդորելով չքաղաքականցնել հարցը և տալ դրական եզրակացություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ոչնչացումը, խոշտանգումը քրեականացնելուն: