«Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ». դատախազությունը` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին
«Օլիմպավան» մարզական համալիրում քաղաքացի Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել, քննություն է տարվել նաև միջադեպին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասնակցության և նրա գործողությունները պարզելու ուղղությամբ:
Hetq.am հայտնում է, որ վերը նշված միջադեպից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, ում ինքնությունը պարզվում է:
Գործը, սակայն, դատարան է ուղարկվել միայն Էդուարդ Բաբայանի մասով, ուստի դատախազությունից խնդրել ենք պարզաբանել, թե ի՞նչ քննություն է տարվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տուժողի հայտնած հանգամանքների առնչությամբ:
Դատախազության պատասխանից պարզ է դառնում, որ միջադեպի ժամանակ Ծառուկյանի՝ Վյաչեսլավ Հարությունովին մեկ անգամ հարվածելու հանգամանքը չի հերքվել, սակայն մեկ հարվածը, Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո «ծեծ» որակվել չի կարող:
«ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ վարույթում գտնված քրեական գործի նախաքննությամբ փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել առ այն, որ փորձագետի եզրակացությամբ արձանագրված Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը պատճառված թեթև վնասը հետևանք է Գագիկ Ծառուկյանի հարվածի: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ չի բացառվել Վյաչեսլավ Հարությունովի աջ հոնքի շրջանի սալջարդ վերքի առաջացումը նաև սեփական հասակի բարձրությունից վայր ընկնելու և որևէ բութ առարկայի հետ համահարվածվելու արդյունքում առաջանալու հանգամանքը: Միևնույն ժամանակ նախաքննությամբ հնարավոր չի եղել պարզել, թե Վյաչեսլավ Հարությունովի ստացած գլխուղեղի ցնցումն առաջացել է աջ հոնքի շրջանի սալջարդ վերքից, թե՞ դեմքի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքից, իսկ նրա դեմքի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքն առանձին վերցրած առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կողմից վերոհիշյալ վիճաբանության ընթացքում Վյաչեսլավ Հարությունովի դեմքին մեկ անգամ հարվածելու և նրա առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքին, ապա հաշվի առնելով «Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ» գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ, ուստի այդ արարքի համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Վերոգրյալ պատճառաբանությամբ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործով որոշում է կայացվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,- ասված է դատախազության պատասխանում:
Նշենք, որ միջադեպի առթիվ դատարան ուղարկված գործով Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, դատապատվել 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժի կրումից: Բաբայանը չի բողոքարկել դատավճիռը:
Վյաչեսլավ Հարությունովը, հիշեցնենք, դատարանում հրաժարվել է Բաբայանի դեմ իր տված ցուցմունքներից ու հայտնել, թե սայթաքել ու վայր է ընկել, ստացված վնասվածքները դրա հետևանքն են եղել: Այժմ Հարությունովը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ: Այս մասով ևս գործն ուղարկվել է դատարան: Հարությունովի փաստաբան Ռոման Սարգսյանը մեզ հետ զրույցում շատ մանրամասներ չհայտնեց նրա մեղադրանքի մասին, միայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալը պատրաստվում է դատարանում պատմել միջադեպի հետ կապված ամբողջ ճշմարտությունը: