Շատ քիչ էր էդ 8 միլիոնը. Սամվել Բալասանյանը` Գյումրու օրվա ծախսերի մասին
Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Շատ քիչ էր էդ 8 միլիոնը, որովհետեւ գյումրեցու խաթր էդ բեմն իր լուսավորությամբ, էկրանների մեծությամբ, ինչ-որ տեղ ներդրում կա մեր դրսի գյումրեցիներից, ովքեր Գյումրու օրվա հետ կապված նվեր են անում մեր գյումրեցիներին: Առանձնապես ոչ երգիչներին ենք գումար տվել, ոչ ինչ-որ տեղ եսիմ ինչ ծախսեր ենք արել, փոքր ծախսեր են՝ դրոշներ եւ այլն, այնտեղ ծախսեր կան դերասանների հետ կապված: Շատ փոքր գումար է, այնպես, որ գտնում եմ` արդարացված է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչն է փոխվել Գյումրիում, քաղաքապետն ասաց, որ ամենակարեւորը ժողովրդի տրամադրությունն է փոխվել, իսկ ընդհանուր առմմաբ այս պահին 42 ծրագիր է իրականացվում, որոնք հիմնականում վերաբերում են փողոցաշինությանը:
Քաղաքապետի կարծիքով` տուրիստական հոսքը մեծացել է քաղաքում, ինչն ավելի շատ կմեծանա Հյուսի-հարավ ավտոմայրուղու կառուցումից հետո:
Հարցին, թե ինչու Շիրազի փողոցում կարմիր ասֆալտ չկար, քանի որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկել էր դրանով ասֆալտապատել փողոցը, Բալասանյանն արձագանքեց, թե կարմիր ասֆալտը 6 ամիս հետո սեւանալու էր:
«Հիմա տրամաբանությունը որն է, որ բերես խամ վիճակում, չփորձած վիճակում ինչ-որ բան անես, ավելի լավ չի փորձած թանը լինի քան անփորձ մածունը: Դրա համար էլ մենք որոշեցինք, որ լինի այսպիսի ասֆալտ»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հյուրեր են եկել նաեւ տարբեր երկրներից: