ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանի կողմից ռազմաքաղական հավասարակշությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկատառում», - ասաց նախարարը:

Մնացականյանը նկատեց, որ լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղ միջավայրի ձևավորմանը և չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:

«Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար», - ընդգծեց նախարարը:

 

«Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցել», - եզրափակեց խոսքը նա: 

Նախարարը  անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին ասելով, որ Հայաստանի համապարփակ անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում են  արտաքին քաղաքական գերակայությունները: Իսկ  ՌԴ-ն և ՀՀ-ն շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: 

Նախարարը հավելեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս ընդգծվում է  երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները։ 

«Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը»,- ասաց նախարարը։