ժողովրդի մասին չեն մտածում․ եթե կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն տա, ապա մարդիկ կլքեն իրենց բնակավայրերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Ջերմուկ: Նրանք շրջում են Ջերմուկ քաղաքում, քաղաքացիների հետ քննարկում Ամուլսարի շահագործման թեման, լսում նաև նրանց տեսակետը: 

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փորձաքննությանը 400 հազար դոլարը տրամադրելը փողերի վատնում է: Կառավարությունը բյուջեի գումարներն անիմաստ ծախսելու համար պետք է պատասխան տա: Այս մասին Ջերմուկում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: 

«Այդ գումարը տրվեց մի կազմակերպության, որը չարեց փաստացի հետազոտություն, ուղղակի թղթաբանությունն ուսումնասիրեց: Տեղանքում որևէ իրական հետազոտություն չի արվել, և դա չի կարող որևէ կերպ հավատ ներշնչել, հետևաբար, դա ուղղակի գումարների մսխում էր: Ներկայիս կառավարության նախորդ կառավարության անդամներին դատում է նման գործողությունների համար: Հիմա 400 հազար դոլար ինչ-որ մեկը վատնել է: Այդ գումարը տրվել է մի կազմակերպության, որի եզրակացությունը փաստացի ոչ մի բան է, որևէ հարցի պատասխան դա չի տալիս: Եվ հիմա նորից ՇՄԱԳ-ի վերանայումներ, նոր չափումներ պետք է արվեն»,- նշեց Գևորգ Գորգիսյանը: 

ԼՀԿ խմբակցության քարտուղարը հայտնեց, որ Ջերմուկ ժամանելու նպատակը քաղաքացիների հետ շփումն է՝ հասկանալու համար՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը Ամուլսարի հարցում: 

«Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ հանդես եկող իշխանական պատգամավորները պնդում են, որ կան քաղաքացիներ, որոնք կողմ են, բայց մենք տեսնում ենք, որ այս մարդիկ որևէ գնով չեն թողնելու իրենց տունը քանդել: Այդպես են նրանք տրամադրված: Եվ ոչ մեկը տեղում չի հավատում այդ փորձաքննության արդյունքներին: Ոչ մեկի համար ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետի խոսքը հիմնավոր չէ: Այն, ինչը մարդիկ այստեղ տեսնում են, դրա դեմ փաստարկ չի կարող լինել, որովհետև մարդիկ հակառակն են տեսնում»,- ասաց նա: 

Եթե Ամուլսարի հանքը վնաս չէ, ինչո՞ւ 2 տարի առաջ, երբ պայթեցնում էին, Գնդեվազի, Կեչուտի ջրերը պղտորվեցին, լվացքի մեքենաները փչացան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ջերմուկցիներից մեկը: 

«Լվացքի մեքենաները միացնում էին, լվացք էին անում, ու փչանում էր: Բացում էինք, սաղ քար ա մեջը: Հետո որ հայտնեցինք իրենց, բերեցին, մեքենաներ բաժանեցին»,- ասաց նա: 

Բնակչի խոսքով՝ եթե կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն տա, ապա Ջերմուկի և հարակից համայնքների մարդիկ կլքեն իրենց բնակավայրերը: 

«Ամուլսարը եթե շահագործվի, ուրեմն ամբողջ Հայաստանը պետք է վերանա: Ամբողջ ջրերը կգնան, կլցվեն Սևան»,- նշեց նա: 
Ճիշտ չէ, որ հանքը բացում են, ժողովրդին էլ սպանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը: 

«Այստեղի ջուրը տարբեր կողմերից գնում է Սևան, Գորիս, Արարատյան դաշտ, և այդ թունավորումը այդ ջրով է գնում: Հիմա ջուրը Հայաստանի կեսի մեջ է բաժանվում, ուրեմն Հայաստանի կեսը պետք է վերանա»,- ասաց նա: 

Ջերմուկցին նշում է, որ հանքում աշխատելու դեպքում բարձր աշխատավարձը երկրորդական է, եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: 

«Կոմունիստների օրոք էլ կարային բացեին էս հանքը, բայց մտածել են ժողովրդի մասին, դրա համար չեն բացել: Էսօր ընկել է իրենց ձեռքը, ոնց ուզում են, տենց էլ անում են, ժողովրդի մասին չեն մտածում: Էս ժողովրդի մասին պե՞տք է մեկը մտածի, թե՞ ժողովուրդը պետք է ստեղից գաղթի»,- նշեց նա: 
 

Քաղաքականություն