ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը

Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:

«Սույն թվականի օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հայկ Գրիգորյան, ով ներկայանում է որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ, իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու նամակ են իրենց ուղարկել, խնդրեց հանդիպել…»:

Այստեղ չենք շարունակելու մեջբերել այն ամբողջ տեքստը, որ նա շարադրել է իր էջում (ցանկացողները կարող են գտնել և կարդալ)։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին Հայկ Գրիգորյանի հետ կապված որևէ գրություն չի ուղարկել և նման հարցով չի դիմել։ Հայկ Գրիգորյանը, գտնվելով ԱՄՆ-ում, կարող է հանդիպել կամ չհանդիպել ցանկացած մարդու հետ, բայց դա նրան իրավունք չի տալիս ստահոդ տեղեկություններ տարածել ՀՀ ԱԱԾ-ի աշխատանքի վերաբերյալ։ Ավելին, ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն հերքում է, այլև դատապարտում է ԱԱԾ-ի գործունեությանը վերաբերող, իսկ տվյալ դեպքում՝ չվերաբերող, անհիմն լուրերի տարածումը»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Քաղաքականություն