Մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին. Գևորգ Պետրոսյանը՝ Մարիամ Փաշինյանի գրառման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի՝ օգոստոսի 21-ին արած գրառմանը:
«Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար…
Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:
Մի տեսակ տարակուսած եմ:
Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին…
Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ…
Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար:
Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:
Եվ հետո, ո՞ւմ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխաների համար…»: