Իշխանությունն այլևս թափանցիկ չէ, ստեղծված իրավիճակը պոպուլիզմի հետևանք է. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Անի Սամսոնյանը կարծում է, որ Ամուլսարի շուրջ թնջուկն էլ ավելի է խտանում, այնինչ` հակառակը պիտի լիներ, փորձաքննությունը պետք է բազմաթիվ հարցերի պատասխաներ, ինչը չեղավ: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դիմել էր Քննչական կոմիտեին հենց փորձաքննության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, քանի որ այս ընթացքում պարզվեց, որ որպես այդպիսին փորձաքննություն չի էլ եղել:

«Առաջին հարցն այն է, թե ինչպես էր ընտրվել «Էլարդ» ընկերությունը փորձաքննություն իրականացնելու համար, օրինակ` պարզ դարձավ, որ կառավարությունում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը կապեր ունի այդ ընկերության հետ, ինչը առաջացնում է հարցեր: Մյուս խնդիրն այն է, որ «Էլարդը» չի արել իր սեփական փորձաքննությունը, այլ հավաքագրել տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից և համադրելով տեղեկությունը՝ տվել է գնահատական: Եթե գործողությունների ծրագիրը նայեք, պարզ գրել են՝ հանդիպել են «Լիդիանի» ներկայացուցիչների հետ, իրենց հետ գնացել են տեղանք, այնտեղ եղել են մեկ օր, մասնակցել են «Լիդիանի» կոնֆերանսներին, այսինքն` «Լիդիանն» ազդեցություն է ունեցել որպես տեղեկատվության աղբյուր այս փորձաքննության վրա: Մյուս խնդիրը ռիսկերին է վերաբերում, և պարզվում է՝ ունիվերսալ փաստաթուղթ է, որտեղ բոլորը կարող են գտնել հարցերի իրենց ուզած պատասխանները»,-նշեց նա:

Անի Սամսոնյանն ընդգծեց, որ ռիսկերի առկայության պայմաններում անթույլատրելի է Ամուլսարի շահագործումը և իր համար հասկանելի չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տրամաբանությունը, թե Ամուլսարի շահագործումը բնապահպանական աննախադեպ չափորոշիչներ է մտցնելու հանքաարդյունաբերության ոլորտում:

Քաղաքականություն