«Իմ քայլի» պատգամավորը՝ Ամուլսարի հարցի մասին․ արժեզուրկ մարդիկ նամակներ են գրում, կարծիքներ հայտնում

Արժեզուրկ մարդիկ նամակներ են գրում, կարծիքներ հայտնում, ապագան գուժում, մարդիկ, որոնք կանգնած են եղել այս սարը ոսկու հանքի վերածելու ակունքներում, մարդիկ, որոնք պաշտոնյա էին ու երկիրն էին մանր-մանր վաճառում, մարդիկ, որոնց ապաշնորհ ու ագահ կառավարումից ժառանգել ենք այս ամենը։ Ամուլսարի հարցի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Հարգելի ընկերներ և բարեկամներ, պատգամավոր, նախարար, փոխնախարար կամ որևէ պետական պաշտոնյա լինելը 2018թ.-ից ի վեր այլևս գրավիչ չէ, այս պաշտոնները ենթադրում են մեծագույն պատասխանատվություն, երբեմն այնպիսի հարցերի վերաբերյալ պատասխաններ, որոնք դժվարին են և ոչ պոպուլյար: Կան հարցեր,որոնց պատասխանները ցնծությամբ չեն ընդունվում հանրության կողմից: Ամուլսարը այս դժվարին հարցերից մեկն է, սակայն… եկեք ազնիվ լինենք միմյանց հետ:

Ամուլսարը հանք, թե՞ սար… պետք է քննարկել բոլոր թեր և դեմ կողմերը, սակայն ռացիոնալության դաշտից դուրս չգալ երբեք, պետական որոշումները զգացմունքերի դաշտում չեն կարող ընդունվել:

Մենք ուզում ենք ունենալ հարուստ, զարգացած ժողովրդավար և ուժեղ երկիր, և այս պահին, այս ճանապարհին մեզ խանգարում է Ամուլսարի խնդիրը:Այս խնդրի լուծումը ուղիղ համեմատական է՞ ժողովրդավար և հարուստ երկրին… չգիտեմ: Ուղիղ մեկ տարի առաջ որոշվեց հարցի լուծման ուղին՝ միջազգային անկախ փորձաքննություն, արդյունքների հրապարակումից հետո՝ որոշում: Մեկ տարվա ընթացքում որևէ քաղաքացի չի վիճարկել այս փորձաքննության ճիշտ կամ սխալ լինելը, մեթոդները, չեն հրապարակվել հարցեր՝ ուղղված կառավարությանը, թե ո՞վ է «Էլարդը» կամ ինչու՞ հենց «Էլարդը», ինչու՞ հենց քննչականը և այլն(եթե անգամ եղել են, ես տեղյակ չեմ): Հարցը հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ նրան հնչեղություն տվեցին տարբեր մութ ու լուսավոր ուժեր:

Ես խնդրում եմ մեր հագարժան և սիրելի քաղաքացիներին՝ տարբերել մանիպուլյացոն հնարքները և իսկական պայքարը արժեքների համար: Արժեզուրկ մարդիկ նամակներ են գրում, կարծիքներ հայտնում, ապագան գուժում, մարդիկ, որոնք կանգնած են եղել այս սարը ոսկու հանքի վերածելու ակունքներում, մարդիկ , որոնք պաշտոնյա էին ու երկիրն էին մանր-մանր վաճառում, մարդիկ, որոնց ապաշնորհ ու ագահ կառավարումից ժառանգել ենք այս ամենը:

Պայքարող ընկերները երբեմն նույն արշինով են չափում հանքի շահագործումը թույլ տվածներին և մեզ, սակայն նրանք շատ լավ գիտեք, որ արդար չեն վարվում: Մի՛ անտեսեք այն փաստը, որ հանքի շահագործման դեպքում, բոլորս միասին կանենք հնարավորն ու անհնարինը, որ հսկենք բոլոր ռիսկերը:

Կարող եմ նաև գրել տնտեսական բազմաթիվ փաստարկները, փորձաքննության եզրակացությամբ տրված գնահատականներից մեջբերումներ անել, մի քանի մեջբերումներ էլ կարող եմ գտնել միջազգային կոնվենցիաների սիրահարների համար, սակայն կասեմ նորից, որ դժվարին որոշումները, երբեք, պոպուլյար չեն լինում:

Կարծես թե, իմ դիրքորոշումն էլ հայտնի դարձավ՝ ես պատրաստ եմ կիսել պատասխանատվություն իմ քաղաքական թիմի կայացրած որոշումների վերաբերյալ»,– գրել է պատգամավորը:

Քաղաքականություն