«Հրապարակ». Արարատ Միրզոյանը շքեղ նորոգել է իր կառավարական ամառանոցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 15-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ 

Բայց որպեսզի ԱԺ խոսնակն ու իր ընտանիքն իրենց ռեզիդենցիայում ապրեն բարձրաշխարհիկներին վայել թագավորական պայմաններում, դրա համար մի քանի ամիս շարունակ վերանորոգում էին նրանց բնակարանը։ Իշխանական աղբյուրները մեզ հաղորդեցին, որ Արարատ Միրզոյանն իր բնակարանի նորոգման վրա խոշոր՝ «աստղաբաշխական թվերի» հասնող գումար է ծախսել։

Որպեսզի պարզեինք, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, գուցե հորինված է Միրզոյանի թշնամիների կողմից, դիմեցինք Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանին՝ ճշտելու, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվել Միրզոյանին հատկացված առանձնատան նորոգման վրա։

Սավգուլյանը, սակայն, թիվ չասաց՝ հպարտորեն հայտարարեց, որ դա համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որը չի կարող հրապարակել։ Ասաց, որ դա ամրագրված է «Գնումների մասին» օրենքով։ Կարճ ասած՝ կառավարությունը գաղտնի է պահում ԱԺ նախագահի տան նորոգման ծախսերը, որը հոգում ենք մենք՝ հարկատուներս՝ հղում անելով «Գնումների մասին» օրենքին։

 

Այդ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»։

 

Այս օրենսդրական փոփոխությունն արվեց 2015 թվականի դեկտեմբերին՝ նոր իշխանությունների կողմից խորապես մերժված նախկին իշխանությունների օրոք։ Այդ օրենսդրական փոփոխությունն այն ժամանակ պետական դավաճանությանը համազոր քայլ դիտվեց՝ դավադրություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բազում հրապարակումներ եղան, ապարդյուն՝ իշխանությունն այդ փոփոխությունն անցկացրեց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում