Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում։

 

«Մենք այժմ կառուցում ենք բարձրավոլտ գծեր և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի մենք, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը, համաժամանակյա աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։

 

Նրա խոսքով՝ ցանցերի միավորման իմաստն այն է, «որպեսզի ունենանք մեկ գլոբալ շուկա և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»։ «Եթե ինտենսիվ աշխատենք, երկու-երեք տարուց դա արդեն կկայանա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա ցանցերի միավորումը։

 

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի կառավարման, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում։ 

 

Հուշագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատելու ԵՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։