Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էին կրակելով, ցերեկը և այդպես թողել։
Այսօր հրապարակվել է հերթական լուսանկարը, կրկին Էջմիածնից։ Այս անգամ, ըստ հրապարակման հեղինակի, կրակել են կերակրող շանը։
Էջմիածնի քաղաքապետարանի Լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը AuroraNews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք "Դինգո" թիմի հետ համագործակցելով ստերջացնում են շներին։ Ինչ վերաբերում է սատկացրած շներին, ապա իրենք նույնպես ահազանգեր ունեն և դիմել են ոստիկանություն։
Ըստ Պողոսյանի՝ քաղաքապետարանին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ կրակոցներ են արձակել մոխրագույն, առանց պետհամարանիշի մեքենայով անհայտ անձինք։ Լրատվության բաժնի պետը նշեց, որ տեսնողները կարող են լուսանկար ուղարկել իրենց։
Պողոսյանի խոսքով՝ այս օրերին հրապարակված լուսանկարներում չստերջացված կենդանիներ էին, սակայն իրենք այսօր ահազանգ ունեն նաև ստերջացված կենդանիների անհետացման մասին։