Ստեփանավանում հայտնաբերված սատկած ձկների հարցով զբաղվում է ՍԱՏՄ–ն
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիները մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը` ստեփանավանցիների հայտնած տեղեկություններին հղում անելով։
Տեղաբնակների խոսքով` պատճառն Արմանիս գյուղում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են նախ Ձորագետ, այնտեղից էլ հասնում Չքնաղ գետ։
Կայքը հայտնում է, որ տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացվել են իրավասու մարմինները, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանավանի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի մասին մամուլից տեղեկացել են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, shamshyan.com կայքի հրապարակումը ընդունվել է որպես ահազանգ և ընթացք է տվել։
«Նյութերն ուղարկվել են ՍԱՏՄ Ստեփանավանի տարածքային կենտրոն։ Եթե տեղում սատկած ձկներից լինեն, հնարավոր է փորձաքննություն իրականացվի։ Բայց եթե պարզվի, որ գյուղացիները ճիշտ են, և ձկների անկման պատճառը քիմիական նյութերն են, ապա դա միանշանակ բնապահպանական խնդիր է »,– ասաց Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով, նախնական տվյալները հայտնի կլինեն արդեն այսօր ուշ երեկոյան։