Փոքր օդանավակայանները շահութաբեր չեն. ավիացիան սիրող մարդիկ են պետք. Տաթևիկ Ռևազյան
30 տարի ասում ենք՝ փոքր ավիացիա ենք զարգացնում, սակայն ինչո՞ւ չի զարգանում։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ մոտիվացիա չի եղել, քանի որ փոքր օդանավով թռչելն ավելի դժվար է, քան մեծ օդանավով թռչելը. խնդիրներ կարող են առաջանալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Այժմ իրենք փորձում են հասկանալ՝ ինչպես ապահովել փոքր օդանավակայանների անվտանգությունը. հարցի լուծման համար օրենսդրական փոփոխություններ են պետք անել։
«Այս ոլորտի զարգացման համար շատ լավ են բանակցությունները մասնավոր հատվածի հետ։ Պետք է իմանալ, որ այստեղ գումար չկա, մարդ չի գա փոքր ավիացիա զարգացնելու, որովհետեւ մեծ փողեր է ուզում աշխատել։ Այստեղ մարդիկ պետք է լինեն, որոնք սիրում են ավիացիան։ Նշեմ, որ արդեն երկու հոգի կա, որոնք գրանցել են իրենց օդանավերը։ Մենք կանգնած ենք այն մարդկանց կողքին, որոնք կցանկանան զարգացնել այս ոլորտը»,-ասաց Ռևազյանը։
Վերջինս նաև նշեց, որ Հայաստանի փոքր օդանավակայանները շատ վատ վիճակում են. «Ներդրում է պետք անել, որ վազքուղին հասնի այն մակարդակի, որ անվտանգ լինեն թռիչքները»։