Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորների հղի կինը մահացել է։