Քաղաքականություն

Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա․ Սուրեն Սուրենյանց

Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա․ Սուրեն Սուրենյանց
Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե…

Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին։


Գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։


«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա․


«Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ-ի հետ կապերի սերտացման ուղով, և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պետք է ցանկանալ, որ Զելենսկին հնարավորինս քիչ «օգնի» Հայաստանին և, առհասարակ, մեր երկիրը չդիտարկի ուկրաինական փորձի տարածման հերթական հասցե։


ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, եվրոպական շուկաների հասանելիությունը, ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են և պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։


Խնդիրը ուկրաինական մոդելն է։


Այդ մոդելի գլխավոր վտանգն աշխարհաքաղաքական կոշտ ընտրության տրամաբանությունն է, որի պայմաններում պետությունը հայտնվում է մեծ տերությունների հակամարտության թիրախում։


Ուկրաինայի դեպքում դրա հետևանքները ողբերգական են՝ պատերազմ, մարդկային ահռելի կորուստներ, ավերված քաղաքներ, միլիոնավոր տեղահանվածներ և մեծ  կախվածություն՝ արտաքին աջակցությունից:


Հայաստանն իրավունք չունի կրկնելու այդ ճանապարհը։


Առավել ևս, որ մեր մեկնարկային պայմաններն անհամեմատ ավելի խոցելի են։


Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներով, բարդ անվտանգային միջավայրով, Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։ Նման պայմաններում Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակի վերածելը պետականության համար չափազանց վտանգավոր արկածախնդրություն է:


Հետևաբար, Հայաստանի իրական ընտրությունը «Ռուսաստան, թե Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։


Պետական շահը պահանջում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ առանց քանդելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնցից այսօր կախված են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության կարևոր բաղադրիչներ։


Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում հենց բևեռացման վտանգավոր տրամաբանությունը։


Հայաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին առաջ շարժվելու հայտ է ներկայացնում՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ և պահպանելով Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածությունը։


Նման իրավիճակը պահանջում է չափազանց զգույշ և հաշվարկված քաղաքականություն։


Այս համատեքստում Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ։


Ուկրաինայի ողբերգական փորձը Հայաստանի համար ընդօրինակման օրինակ չէ։ Այն նախազգուշացում է, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել պետության հայտնվելը խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։


Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին կարելի է և պետք է քննարկել։ Պետք է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Բայց այդ ամենը չպետք է Հայաստանը վերածի արևմտյան էլիտաների հակառուսական քաղաքականության ֆորպոստի:


Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250