Այս անգամ ծեծ, հաջորդ անգամ ՀՅԴ-ն կկրակի՞. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ ՀՅԴ-ականներ նախօրեին այցելել էին ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»: ՀՅԴ հայտնի գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Գեղամ Մանուկյանն, ըստ էության, ձևակերպել է իրենց ակցիայի նպատակը․ «Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»: Առավոտյան որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ իրադարձությունների նման դրամատիկ ընթացք է ունենալու ՀԱԿ ակտիվիստ Վահագն Հարությունյանի հետ կապված միջադեպը։ Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել իրեն: Նա բռնության ենթարկվելու մասին ահազանգել էր նաև օրեր առաջ: «Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել էր նա: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին: Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՅԴ-ական երիտասարդների դեմ՝ Թուրքիայի դրոշն այրելու համար: Ավելի ուշ նա եղել էր թոռների հետ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում հարձակում իրականացնողների թվում: Փաստորեն՝ շուրջ մեկ ամիս զարգացել են դրամատիկ իրադարձություններ, որոնց իրավապահ մարմինները հետևել են դիտորդի կարգավիճակում։ Միայն երեկ ոստիկանությունը հաղորդում տարածեց, որ Վարդան Հարությունյանի ծեծի առթիվ մեկ մարդ բերման է ենթարկվել, ինչին էլ փաստորեն հաջորդեց ՀՅԴ ակցիան։ Հայաստանի նորագույն պատմության մեջ այս ակցիան բացառիկ ու առայժմ եզակի է, որովհետև մի ամբողջ կուսակցություն փաստորեն խոստովանում է, որ ինքն է կազմակերպել քաղաքացու ծեծը՝ ատելության քարոզ տարածելու, Արցախի ղեկավարներին ու Պարգև սրբազանին սոցցանցերում անվանարկելու, ՀՅԴ կարկառուն գործիչ Հրանտ Մարգարյանի միջադեպին մասնակցելու համար։ Համաձայնեք՝ սա իսկապես արտառոց ակցիա է, մանավանդ, որ դաշնակցականները խոստանում են շարունակել ինքնադատաստանի մարտավարությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Գուցե ավանդական կուսակցությունը, որի զինանոցում գոյություն ունեն պայքարի նաև բռնի մեթոդներ, դիմի ավելի արմատական գործողությունների, ասենք՝ որոշի ֆիզիկապես ոչնչացնել այն մարդկանց, որոնք հանդգնում են կուսակցությանը քննադատել կամ վիրավորել, կամ թեկուզ մասնակիցը լինել Հրանտ Մարգարյանի հետ կապված իսկապես դատապարտելի միջադեպին»: Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:

Պատահարներ