ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի քննչականի պետն ու ընկերոջ անունով կառուցվող ժամանցի համալիրը. Hetq am
Ծաղկաձորում, եթե տեղացիներին հարցնեք՝ ի՞նչ է կառուցվում քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում, ապա կասեն, որ «քննչականի պետի հյուրանոցն է»: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում՝ Պահլավունյաց 92 հասցեում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: 2000 քմ մակերեսով հողակտորի վրա հանգստի և ժամանցի համալիր է կառուցվում,- գրում է Hetq am-ը: Կառուցապատողը և հողակտորի սեփականատերը Ասատուր Գյուլյակուբյանն է: Վերջինս նոր է գնել հողակտորը՝ 2019 թ._ի մարտ ամսին: Հողի նախկին սեփականատերը Հրազդանի բնակիչ Նելլի Գալստյանն է: Բաց աղբյուրներում նշված երկու անունները որոնելով՝ ոչինչ հնարավոր չէ պարզել: Մինչդեռ հողը գնողը և վաճառողը պատահական մարդիկ չեն: Վաճառողը՝ Նելլի Գալստյանը, Հրազդանի նախկին ոստիկանապետ Վահան Դանիելյանի աներորդու կինն է: Գնորդը՝ Ասատուր Գյուլյակուբյանը, բնակվում է Գերմանիայում, հայտնի է նաև Մայք անունով, նրա ընկերը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանն է: Վարդանյանի և Գյուլյակուբյանի կապը հաստատվում է, երբ հաջողվում է արձանագրել, որ Քննչական վարչության պետը անձամբ լինում է շինհրապարակում, հետևում կատարվող աշխատանքներին: Ստորև ներկայացված լուսանկարն արվել է 2019թ.-ի մայիս ամսի սկզբին: Լուսանկարում պատկերված «Հյունդայի» մակնիշի՝ «020 QC 01» պետհամարանիշով ծառայողական մեքենան սպասարկում է Կոտայքի մարզային քննչական վարչության պետին: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից: Մեքենան կայանած է Պահլավունյաց փողոց 92 հասցեի դիմացի մայթեզրին, ոչ աշխատանքային ժամի: ՔԿ Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատուր Գյուլյակուբյանն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ, որի հետ ծանոթացել է 5 տարի առաջ և սկսել է ընկերություն անել: Գյուլյակուբյանի և Վարդանյանի ընդհանուր ընկերը բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Ըստ Մհեր Վարդանյանի՝ Ասատուր Գյուլյակուբյանը 35 տարի Հայաստանում չլինելուց հետո այցելել է երկիր և ցանկացել է ներդրում կատարել տուրիզմի ոլորտում: «Զուտ մի առաջարկություն եմ ունեցել ես՝ խորհուրդ եմ տվել, որ այդ ներդրումը կատարվի Հրազդանի և Ծաղկաձորի միջանկյալ վայրում, որովհետև այդտեղ բնությունը գեղեցիկ է, տեսարժան վայրերն ավելի շատ են»,- ասաց Մհեր Վարդանյանը՝ նշելով, որ իրեն Ասատուր Գյուլյակուբյանի հետ ծանոթացրել է Արթուր Աբրահամը, որի հետ մանկության ընկերներ են: Դիտարկմանը, թե Ծաղկաձորում քաղաքացիներն ասում են, որ քննչականի պետն է հյուրանոց կառուցում, Մհեր Վարդանյանը արձագանքեց. «Ես հերքում եմ դա: Պարզապես, որ իմ ընկերն է, ներդրում է կատարել այստեղ, ինքն էլ այստեղ չի, չի բնակվում Հայաստանում, լինում է Գերմանիայում, ընտանիքն այնտեղ է, երկու-երեք ամիս է՝ շինարարությունը սկսվել է, այդ ընթացքում 3-4 անգամ ժամանակ եմ գտել աշխատանքային ժամերից հետո կամ ընդմիջման ժամի եղել եմ շինհրապարակում: Հետաքրքրությունից ելնելով, թե ինչպես են ընթանում շինաշխատանքները, մասնակցություն չունեմ»: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ