Քաղաքականություն
Մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է. Արմեն Գրիգորյանը՝ 1 տարի առաջ իր կալանավորման մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմել է մեկ տարի առաջ ապրիլի 23-ին Հատուկ քննչական ծառայությունում քննիչի հետ խոսակցության եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած իրադարձությունների մասին։
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.
«Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր...
Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետեւ պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:
Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետեւանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որեւիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաեւ Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում:
Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը եւ փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին եւ ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, եւ դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երեւի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, եւ համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երեւի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել... Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է:
Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձեւը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքեւի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերեւ, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երեւի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է եւ պայքար է բոլորի բարեկեցության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Ներքին ապստամբություն՝ Սթարմերի դեմ․ պատգամավորները պահանջում են նրա հեռացումը
Փաշինյանի խոստումը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ․ հարցում սկսված է
2.3