Ցեմենտի տուրքի պատճառով անշարժ գույքը կթանկանա, իսկ շինարարական որակը կընկնի
Կառուցապատող ընկերությունների ղեկավարների խոսքով՝ ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22 հազար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման՝ անշարժ գույքի գնի բարձրացման։ Այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ խոսվել է ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը: «Առնի Թրեյդ» ընկերության ղեկավար Արամ Խաչատրյանի խոսքովՙ ներկրվող իրանական ցեմենտը վաճառվում է ավելի էժան և որակյալ։ «Վերջերս ակտիվացել է տեղական արտադրողների լոբբինգն այն առումով, որ իրենք ոչ հավասար պայմաններում են հայտնվում, ինչը ճիշտ չէ։ Ճիշտ հակառակն է։ Նախորդ տարի եղել է 25 տոկոս ներմուծում, 75 տոկոսը արտադրվել է ներքին արտադրողների կողմից։ Ներքին արտադրողների ծավալներն ավելացել են համեմատած 2015, 2016 թթ․-ի։ Տեղական արտադրողներն ասում են՝ 35-36 հազար դրամ է ինքնարժեքը, որն իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուսումնասիրվի, կպարզվի, որ ներքին արտադրողի արտադրանքի ինքնարժեքը չի գերազանցում 17-18 հազար դրամ։ Ներքին արտադրողները տարիներ շարունակ գերշահույթ են ստացել, հիմա որ 10 հազար դրամով իջեցվել է, նորից տեղ ունեն»,- ասաց Արամ Խաչատրյանը։ «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանն էլ ընդգծեց, որ տուրքի ուժի մեջ մտնելուց հետո շինարարական կազմակերպությունները խնդիր են դնելու կառուցապատման արժեքի բարձրացման։ Ըստ նրա՝ ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը նաև նվազեցնելու է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը։ «Մենք ունենք տեղական արտադրություն, որը ժամանակին վաճառվում էր 50 հազար դրամ, այսօր 40 հազար դրամ և ունենք այլընտրանքը՝ ներմուծվող ցեմենտը։ Իրականում իրանական ցեմենտը եղել է ավելի մատչելի և որակյալ։ Իրանական ցեմենտի գինը միշտ եղել է զսպող գործիք տեղական շուկայում արտադրողների համար, այսինքն, հանդիսացել է մրցակից։ 22 հազար դրամ տուրք սահմանելու դեպքում, նմանատիպ եղանակով ցեմենտի գինը բարձրացնելը ուղղակի փակելու է մրցակցության ապահովման վերջին լուսամուտը»,- նշեց նա։ Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ տեղական արտադրողներին պետք է խրախուսել, բայց դա չպետք է իրականացվի ներմուծման տուրք սահմանելու հաշվին։

Պատահարներ