Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ավելի վա, «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս տեղեկությունը չի հերքել ոչ ԱԱԾ-ն, ոչ գլխավոր դատախազությունը եւ ոչ էլ ինքը՝ Դավիթ Սանասարյանը։
Լրատվականը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը չի պատրաստվում նախաքննության փուլում կասեցնել Դ.Սանասարյանի լիազորությունները՝ աշխատակիցների վրա հնարավոր ներգործությունը բացառելու, գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։
«Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին»,- ի պատասխան ասել է Կարապետյանը:
Նշենք, որ քննիչների, ոստիկանների, դատախազների լիազորություններն անմիջապես կասեցվում են՝ քրեական գործով ներգրավվելու դեպքում, իսկ պաշտոնյաներին առնչվող գործերով դատարանները որպես խափանման միջոց կալանավորումն են ընտրել՝ մատնանշելով, որ լինելով պաշտոնատար անձ կարող են խոչընդոտել, ազդել վկաների վրա։ Ավելին, կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության փոխնախարարին վարչապետն անմիջապես ազատեց աշխատանքից, իսկ թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավորապես չդադարեցնելու որոշումը՝ խոսնակը չմանրամասնեց:
Հակառակ վարչապետի խոսնակի տեղեկատվության՝ այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը: