ԿԳ նախարարին ու նրա տեղակալին ես եմ աշխատանքի ընդունել. ԵՊՀ ռեկտորը բացահայտումներ է խոստանում
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ-ն դեգրադացնելու մասին հայտարարություններին, իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ բացահայտումներ կանի: Այս մասին 168. am-ի հետ զրույցում ասել է Արամ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ շատ բան ունի հայտնելու, բայց ստիպված է այս փուլում զգուշավոր լինել, քանի որ գործ ունի նախաքննական փուլի հետ: Նա, իր խոսքով, պատրաստվում է մանրամասնել, թե որքան հեռու է իրականությունից կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, և, որ չի տիրապետում իրավիճակին: «Կխոսեմ իմ դեմ սարքված քրեական գործերի նյութերից, իմ դեմ կազմակերպվող զանազան արշավների մասին, կանդրադառնամ նաև վարչապետի օրերս արված հայտարարությանը: Բայց իմ ասելիքը ԿԳՆ Արայիկ Հարությունյանին է ուղղված… Այս ամբողջ արշավն իմ դեմ չէ ուղղված, սա ԵՊՀ ինքնավարության դեմ է իրականում, և ես ստիպված իմ դեմքով եմ պայքարում այս ամենի դեմ, քանի որ արշավն իմ անձով են ասոցիացնում»,- ասել է Արամ Սիմոնյանը: Նա վիրավորված է ԵՊՀ-ն «դեգրադացված» որակելու՝ նախարարի հայտարարությունից ու հակադարձում է կոչով, որ նախարարը զուր հույսեր չունենա: «Այո, դիմագրավելու եմ բոլոր ակցիաներին և չեմ պատրաստվում հրաժարական տալ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում եղել և մնում է թիվ 1 բուհը, ավելին՝ տարիներով շարունակում է առաջատարի դիքերը պահել տարածաշրջանի բուհերի առաջին եռյակում: Այնպես որ, ԵՊՀ չի դեգրադացվել, ու դրա հույսը ԿԳ նախարարը թող չունենա»,- ասում է ռեկտորը: «ԿԳ նախարարին ես եմ համալսարան աշխատանքի ընդունել։ Ասեմ ավելին՝ իրեն էլ, իր տեղակալին էլ ինքս եմ հրաման տվել, որ դասախոսեն ԵՊՀ-ում: Նրանք երկուսն էլ այն մարդը չեն եղել, որ իրենց աշխատանքով, ձիրքով՝ որպես դասախոս, կարողանան հեղինակություն վաստակել… դեռ այնքան պիտի աշխատեն այդ անունը վաստակելու համար: Երկուսին էլ ես եմ հրամանով աշխատանքի ընդունել ԵՊՀ, այսօր զարմացած եմ՝ ինչո՞ւ են այդքան ատում ԵՊՀ-ն, որտեղի՞ց այսքան նեգատիվ իմ ու իրենց դասավանդած բուհի հանդեպ»,- տարակուսանքով հարցադրում է անում ԵՊՀ ռեկտորը՝ նկատի ունենալով նաև իր պաշտոնը նվաճելու ձգտում ունեցող ԿԳ նախկին փոխնախարար, այժմ՝ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել, ասել էր. «Խորհուրդն է, որ պետք է նման հարցերը լուծի, մեր նախարարությունը նման լիազորություններ չունի: Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կսկսի քննարկել։ …ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում համալսարանը: Ասենք՝ ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված՝ ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ ռազվարական պլանը բուհը տարել է հետընթացի»: