Թրամփի վարչակազմը ցանկանում է երկարաձգել Կիևի ֆինանսավորման ժամկետները
ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինային արդեն հաստատված օգնության տրամադրումները երկարաձգել մինչև 2029 թվական։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Կոնգրես ներկայացված ծախսային ծրագրում նշվում է, որ Ուկրաինային տրամադրվող օգնության վճարումները նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի սեպտեմբերը։
Խոսքը Կոնգրեսի կողմից հաստատված մոտ 400 մլն դոլարի օգնության ֆոնդի մասին է։ Reuters-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է այդ միջոցները բաշխել այնպես, որպեսզի դրանք չսպառվեն մինչև 2029 ֆինանսական տարին։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը դեռ մայիսին Կոնգրեսին ներկայացրել էր ծախսերի ծրագիրը, սակայն դրանից երկու ամիս անց Ուկրաինային նախատեսված միջոցները դեռ չեն տրամադրվել և դրանց օգտագործման պայմանագրերը չեն կնքվել։
Հրապարակման համաձայն՝ Կոնգրեսի անդամները բազմիցս դժգոհություն են հայտնել Ուկրաինային հաստատված օգնության տրամադրման դանդաղ ընթացքի վերաբերյալ։
Նշվում է, որ օգնության տրամադրման պարտավորությունները պետք է ամրագրվեն մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, իսկ ամբողջական մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը։
Միաժամանակ, Reuters-ը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 28-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է կրկին բարձրացնել հակաօդային պաշտպանության միջոցների արագ տրամադրման հարցը։
Կիևը նաև ցանկանում է ավարտին հասցնել անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանավորվածությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են մտադրությունների մասին երկկողմ հայտարարություն, որը թույլ է տալիս ամերիկյան կողմին ստանալ ուկրաինական արտադրության ցամաքային, օդային և ծովային անօդաչուներ՝ Պենտագոնի ծրագրերի շրջանակում փորձարկումների համար։