ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեսա տեսեք՝ Ձեր ասածների արդյունքում մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն. Վարչապետը՝ Արսեն Թորոսյանին
Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը. «Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10.00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն եմ տեսել, որը երկու շաբաթ առաջվա նախագծից էականորեն տարբերվում է և հիմա ոչ մի հնարավորություն չունեմ դա քննարկելու»,- ասել է Թորոսյանը: Ըստ առողջապահության նախարարի՝ ակցիզային հարկի մասին ի սկզբանե դրված փիլիսոփայությունը հիմա դեֆորմացվել է: Մեկը վերաբերում է «Շաքարի հարկ» կոչվող հարկին է, որը հիմա «Գազավորված ըմպելիքների հարկ» է: Թորոսյանի խոսքով` ցանկից դուրս են մնում այն ըմպելիքները, որ շաքար չեն պարունակում, գազավորված չեն, բայց պակաս վտանգավոր էլ չեն: «Այսինքն՝ այս դեպքում խոսք լինել չի կարող որևէ առողջապահական նպատակ լուծելու մասին: Պետությունը իր համար որոշում է, որ մի տեսակ ապրանքն ավել հարկի, մեկ այլ տեսակը չհարկի այլ նկատառումներով, ինձ համար անհասկանալի»,- հավելել է Թորոսյանը: Ըստ Թորոսյանի՝ հաջորդ փոփոխությունն այն է, որ ծխախոտի արտադրանքի արտադրատեսակներից մեկի ակցիզային հարկը նախկինում եղել է 8500 դրամ, իսկ հիմա 2000 դրամ է դարձել: Իջեցումն իր համար անհայտ պատճառներով է եղել: «Մենք խթանում ենք այս արտադրատեսակի օգտագործումը՝ շատ ցածր ակցիզային հարկ սահմանելով: Դա անընդունելի է առողջապահական տեսանկյունից ու նաև միջազգային պարտավորություններից ելնելով»,- ասել է Թորոսյանը: Հավելենք, որ խոսքն IQOS-ների հարկային դրույքաչափերի մասին է: «Ես էստեղ մի բան չեմ հասկանում, 8 ամիս քննարկում ենք և պարզում, որ էլի տեղյակ չենք քննարկումից, ինչի՞ է սա սենց»,- արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրենք՝ որպես շատ շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին: «Լսե´ք, որ ՀԿ-ն ասում է` մեզ չեն ներգրավվել քննարկումների մեջ, էդ ես դեռ հասկանում եմ, բայց բայց որ նախարարն է ասում, կներե´ք, ինձ համար զարմանալի է»,- արձագանքել է Փաշինյանը՝ հավելելով, որ Արսեն Թորոսյանին չի հետաքրքրում բյուջե մուտքը, այլ այն, որ ծխախոտը այնքան թանկ լինի, որ մարդիկ չծխեն։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը չի կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցիալական հարցերի նախարարություն: Պետք է մտածել նաև հարկային եկամուտների, գյուղացիների մթերքի մթերման մասին: «Հեսա տեսեք՝ Ձեր ասածների արդյունքում մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»,- հավելել է վարչապետը:

Պատահարներ