Իսակովի պողոտայում վթարի են ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին․ վերջինս մահացել է
Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ու երբ փորձել են վթարը վերացնել, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
«Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցին։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է աշխատակցի մահը։
Այս պահին «Վեոլիա Ջուր»-ը սպասում է, որպեսզի քննչական գործողություններն ավարտվեն, որից հետո կսկսի խցանված կոյուղատարի մաքրման աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ այսօր հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր հետիոտնի մահը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել էին պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։