Ռազմական

Զելենսկին բացատրել է պաշտպանության ոլորտում կատարված կադրային փոփոխությունները

Զելենսկին բացատրել է պաշտպանության ոլորտում կատարված կադրային փոփոխությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պաշտպանական համակարգում պաշտոնանկություններն ու նշանակումները պայմանավորված են Պաշտպանության նախարարության և բանակի հրամանատարության միջև առկա փոխգործակցության խնդիրներով։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Sky News»-ին տված հարցազրույցում պաշտպանության ոլորտի կադրային փոփոխությունները պատճառաբանել է Պաշտպանության նախարարության և ռազմական հրամանատարության միջև համագործակցության խնդիրներով։


Երկրի ղեկավարի փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու բանակի հրամանատարը ամիսներ շարունակ ունեցել են աշխատանքային և երկխոսության դժվարություններ։ Մինչդեռ պատերազմական պայմաններում առանցքային խնդիրները հնարավոր չէ արդյունավետորեն լուծել առանց երկու կառույցների համաձայնեցված քայլերի։


Զելենսկին փաստել է, որ կադրային որոշումները պահանջված էին նաև Ուկրաինան ձմեռային բարդ փուլին նախապատրաստելու համար։ Նախագահի դիտարկմամբ՝ իրավիճակը պայմանավորված կլինի ինչպես Ուկրաինայի իշխանությունների քայլերով, այնպես էլ միջազգային գործընկերների աջակցությամբ։


Այդ պատճառով, նրա պնդմամբ, Ուկրաինային անհրաժեշտ էր էներգետիկ ոլորտին լավ տիրապետող վարչապետ, ով կկենտրոնանա էներգահամակարգի հնարավոր մարտահրավերների վրա։


Որպես առանձին խնդիր նախագահը առանձնացրել է զորահավաքը՝ նշելով նոր մոտեցման և որոշակի փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք պարտադիր չէ, որ լինեն արագ կամ արմատական։ Զելենսկին ընդգծել է, որ համապատասխան որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի հրամանատարության միասնական դիրքորոշումը։


Նախագահը նաև շեշտել է հակաբալիստիկ պաշտպանության միջոցների պակասը։ Նրա կարծիքով՝ երկնքի պաշտպանության համար պատասխանատու կառույցները պետք է մշտական կապ պահպանեն, այլ ոչ թե պետության ղեկավարին առանձին-առանձին տարբեր դիրքորոշումներ փոխանցեն։


«Նրանք պետք է հանդիպեն ամեն ժամ, քանի դեռ մեր երկինքը փակված չէ», - ընդգծել է Զելենսկին։


Միխայիլ Ֆեդորովը գրեթե յոթ տարի աշխատել է Նախարարների կաբինետում, սկզբում որպես թվային տրանսֆորմացիայի նախարար, իսկ վերջին կես տարին՝ որպես պաշտպանության նախարար, ապա հուլիսի 15-ին հրաժարական է տվել։


Պաշտոնաթողությունից հետո հրավիրված ճեպազրույցում Ֆեդորովը բավականին խիստ քննադատել է Սիրսկուն և խոստովանել, որ կողմ է եղել նրա ազատմանը։


«Սիրսկին պատրաստ չէ նայել աչքերի մեջ և խոսել խնդիրների մասին։ Նա պատրաստ է ինտրիգներ հյուսել, մտածել, թե ինչ-որ մեկը պատվիրել է որևէ արշավ։ Փոխանակ մտածելու, թե ինչպես հաղթի Ռուսաստանին, նա մտածել է, թե ինչպես պառակտի երկիրը», — հայտարարել է նա։


Հետագայում նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պարտականությունները կկատարի Եվգենի Խմարան։ Նա հիշեցրեց, որ Խմարան ղեկավարում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնը, որը, Զելենսկու խոսքով, ռուս զինվորականների ոչնչացման գործում ցուցադրում է ամենաբարձր արդյունքներից մեկը։


«Նա ճշգրիտ գիտի, թե ինչ է անհրաժեշտ Ուկրաինային, և կարող է վերահսկել նաև ներքին իրավիճակը Պաշտպանության ուժերի բաղադրիչներում. նա ունի անվտանգության բավարար փորձ, որպեսզի թույլ չտա այնպիսի բաներ, որոնց համար ամոթ է», — ասել է պետության ղեկավարը։


Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին առաջարկել է իշխանության համակարգում աշխատանքի տարբեր տարբերակներ։


Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են Ֆեդորովին աջակցող ցույցերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250