ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս ընդդիմադիր Նավալնին կարո՞ղ է կրկնել Փաշինյանի օրինակը․ Վարչապետի պատասխանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին։
«Ամենամեծ նվաճումն այն է, որ Հայաստանն այժմ ժողովրդավար երկիր է, որտեղ արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, չկան տնտեսական մենաշնորհներ, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և քաղաքացիներն իրապես վճռում են իշխանության ճակատագիրը: Նրանք որոշում են՝ ով է լինելու իշխանություն, ով՝ դրա շրջանակից դուրս»,- ասել է ՀՀ վարչապետը:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն օրերս ասել է, որ իր թիկնազորին արգելել է աշխատասենյակ թողնել իրենց մոտ, փաստաթղթերից բացի, այլ բան ունեցող անձանց, ՀՀ վարչապետը կարծում է, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջո՞ց է, Փաշինյանը դրական պատասխան է տվել` նշելով, որ դա միջոցներից մեկն է:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին` ՀՀ վարչապետը հիշեցրել է Մարտի 1-ի 10 զոհերի և ողբերգական իրադարձությունների մասին: «Գիտեք, որ միջազգային կազմակերպությունները պահանջել են, որ օբյեկտիվ հետաքննություն անցկացվի, և այժմ հետաքննությունն առաջ է գնում: Ինչի այն կհանգեցնի, ես չեմ կարող ասել»,- նշել է նա:
Հարցին` ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կարո՞ղ է կրկնել իր փորձը, Փաշինյանը պատասխանել է, որ չի կարող մեկնաբանել որևէ երկրի ներքաղաքական գործընթացները և չի կարող այդ առումով որևէ բան ասել: