Ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է. Շարմազանովի հայտարարությանն արձագանքել է Ալեն Սիմոնյանը
AuroraNews-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀԿ խոսնակ Շարմազանովի այն հայտարարությանն, ըստ որի միակ ելքը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականն էը։ Նա մասնավորապես ասել է․ «Կարծում եմ՝ Շարմազանովը փոքր ինչ շտապում է հրաժարական պահանջելու առումով, և անկեղծ ասած՝ չեմ ուզում լուրջ վերաբերվել այդ հայտարարություններին»։ Ի դեպ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։ Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։ Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։ Իշխանությունը, իսկ առավել եւս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես քշես։ Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է»։ Մանրամասները տեսանյութում։

Պատահարներ