TRIPP-ը միայն օգուտ կբերի, Հայաստանը չի կարող Իրանին ու ԱՄՆ-ին հաշտեցնել․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը համեստ, փոքր պետություն է և որպես միջնորդ՝ Իրանին Միացյալ Նահանգների հետ հաշտեցնելու ամբիցիոզ մտադրություններ չի կարող ունենալ, որովհետև խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն, ըստ Փաշինյանի, այդքան էլ լավ ու ճիշտ չէ։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։
Անդրադառնալով TRIPP նախածի հետ կապված իրանական կողմի մտահոգություններին՝ Փաշինjանը նշեց, որ Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում և դրանից առաջ էլ շատ հստակ ասել է, որ հայկական կողմը գործում է բաց ու թափանցիկ։
«Մենք պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև TRIPP-ը տնտեսական, ենթակառուցվածքային շատ խոշոր ու շատ կարևոր նախագիծ է։ Դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստանին ու Իրանին։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը Իրանի, Ադրբեջանի, Նախիջևանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքով»,- ասաց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ դա այն ուղղություններից մեկն է, որն ի չիք է դարձնում այն քննադատությունները, որոնց համաձայն՝ TRIPP նախագծի իրականացումը դուրս է թողնում տարածաշրջանի որևէ երկրի։
«Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է և, իհարկե, դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք կառուցողական բոլոր նախագծերը կարողանանք իրականացնել»,- ասաց Փաշինյանը։