Քաղաքականություն

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։


Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով կառույցը պահանջում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։


Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ գտնվում է դատական քննության փուլում։


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակած վճռով Առուշ Առուշանյանին արդարացրել էր ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով ճանաչել մեղավոր և դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Հաշվակցելով նրա՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Առուշանյանի նկատմամբ սահմանվել էր նաև 1,5 տարվա փորձաշրջան, նշանակվել տուգանք և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժ։ Վճիռը բողոքարկվելուց հետո մտել էր օրինական ուժի մեջ։


Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցը չի բխում իր լիազորություններից։ Դրանից հետո ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ պատժից խուսափելու վերաբերյալ, և դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելու վերաբերյալ։
Միաժամանակ Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը։ Այդ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես քննվել էր գրավոր ընթացակարգով և մերժվել։


2024 թվականին դատարանը Առուշ Առուշանյանի պատիժը փոխարինել էր ազատազրկմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկում։ Սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։


Նոր քննությամբ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ՝ դատախազության բողոքը։ Այսպիսով՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250