Հասարակություն

Ավելի քան 10 000 զոհ Եվրոպայում՝ անոմալ շոգի պատճառով

Ավելի քան 10 000 զոհ Եվրոպայում՝ անոմալ շոգի պատճառով

Հունիսի վերջին Արևմտյան Եվրոպան պատած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում եվրոպական երկրներում գրանցվել է 10 650 ավելցուկային մահ։ Այդ մասին վկայում են EuroMOMO-ի հրապարակած տվյալները, որը գործում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։


Տվյալների համաձայն՝ մահացածների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, եղել են 65 և բարձր տարիքի անձինք։


Դանիայի Statens Serum Institut-ի գլխավոր բժիշկ Լասե Վեստերգորը Reuters-ին հայտնել է, որ տարվա այս եղանակին նման բարձր մահացության մակարդակը բացառիկ երևույթ է։


«Տարվա այս ժամանակահատվածում նման մակարդակի մահացությունը շատ անսովոր է։ Այն չափազանց բարձր է, և դժվար է այն բացատրել որևէ այլ գործոնով, քան ծայրահեղ շոգը»,- ասել է նա։


Գիտնականների գնահատմամբ՝ հունիսի վերջին գրանցված շոգի ալիքը գործնականում անհնար կլիներ առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունների, որոնք շոգի ալիքներն ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դարձնում։


Վերլուծությունը հիմնված է եվրոպական 27 երկրների մահացության վիճակագրության վրա և ընդգրկում է հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածը, երբ շոգը հասել էր իր գագաթնակետին Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։


Մասնագետները նշում են, որ այդ շաբաթվա մահացության կտրուկ աճը չի կարող բացատրվել այլ խոշոր գործոններով, օրինակ՝ COVID-19-ի նոր բռնկումներով։ Ավելին, նախորդ ութ շաբաթների ընթացքում նույն երկրների համակցված մահացությունը միջինում եղել էր սովորական մակարդակից շուրջ 500-ով պակաս յուրաքանչյուր շաբաթվա հաշվով։


EuroMOMO-ն առանձին երկրների տվյալներ չի հրապարակում, սակայն նշում է, որ Ֆրանսիան և Բելգիան հունիսի վերջին շաբաթվա ընթացքում գրանցել են «շատ բարձր» ավելցուկային մահացություն։ Բելգիայի հանրային առողջապահության Sciensano ինստիտուտի տվյալներով՝ երկրում շոգի ալիքների ընթացքում արձանագրված ավելցուկային մահացությունն ամենաբարձրն է եղել 2000 թվականից ի վեր։


Առանձին գիտական հետազոտությունը, որը նույնպես հրապարակվել է հուլիսի 13-ին, գնահատում է, որ Անգլիայում և Ուելսում մայիս և հունիս ամիսների շոգի ալիքների ընթացքում շոգի հետ կապված պատճառներով մահացել է շուրջ 2700 մարդ։ Հետազոտության համաձայն՝ այդ մահերի 42%-ը պայմանավորված է եղել գլոբալ տաքացման հետևանքով ուժեղացած շոգի ազդեցությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250