Ամբողջ ընտրարշավի ընթացքում ասել է կզցնելու եմ, սատկացնելու եմ, բռնելու եմ, բոմժ եմ սարքելու. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին հայտարարություններին և Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին։
Շարմազանովը հիշեցրել է, որ, իր խոսքով, շուրջ մեկուկես տարի առաջ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանում, իր բնորոշմամբ, «ռևանշիստական ուժերին» պետք է վերջ տալ՝ նշելով, որ այդ հարցը կամ պետք է լուծեն Հայաստանի իշխանությունները, կամ էլ ինքը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել նաև Ադրբեջանում և Թուրքիայում ավելի վաղ հնչեցված հայտարարությունների համատեքստում։
Շարմազանովը հայտարարել է, որ «ռևանշիստական ուժեր» են համարվում բոլոր այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք կարևորում են Հայաստանի Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը, Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
Նա պնդել է, որ այդ դիրքորոշումներն, իր գնահատմամբ, չեն համապատասխանում «Հայաստանի վիլայեթացման» ծրագրին, և այդ պատճառով նման ուժերը թիրախավորվում են։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Շարմազանովը նշել է, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում հնչեցված հայտարարություններն ու հետագա քաղաքական քայլերը, իր կարծիքով, չեն համընկել։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Արցախի վերաբերյալ Փաշինյանի նախկին հայտարարություններն ու հետագայում Պրահայում ընդունված որոշումները։
Շարմազանովը նաև պնդել է, որ Հայաստանում իրականացվող գործընթացները, իր գնահատմամբ, տեղի են ունենում արևմտյան միջազգային կառույցների աջակցությամբ։