Ադրբեջանը ևս 20 տարով կապահովի Վրաստանի գազամատակարարումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով վավերացրել է Վրաստան բնական գազ մատակարարելու մասին միջկառավարական համաձայնագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է Ալիևի պաշտոնական կայքում։ Ըստ հրամանագրի՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործմամբ զբաղվելու է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը։ Իսկ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է վրացական կողմին տեղեկացնել, որ երկիրն ավարտել է փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը։
«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել էր մայիսի 18-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ։ Այս փաստաթուղթն ընդգրկված է երկու երկրների միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ստորագրված երկկողմ համաձայնությունների փաթեթում։ Համաձայնագրի ամբողջական տեքստը պաշտոնապես չի հրապարակվում։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ փաստաթղթով ևս 20 տարով երկարաձգվում է ադրբեջանական բնական գազի մատակարարման՝ դեռևս 2003 թվականից գործող պայմանագիրը, ինչպես նաև երաշխավորվում է վրացի սպառողների կայուն գազամատակարարումը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս համաձայնագիրն անվանել է երկրի էներգետիկ անվտանգության կարևորագույն տարր։ Խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալիս նա հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցությունների շնորհիվ հաջողվել է ձեռք բերել ձեռնտու պայմաններով տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման երաշխիքներ։
«Մենք գազամատակարարման հարցով չափազանց կարևոր բանակցություններ ենք վարել մեր բարեկամ երկրի՝ Ադրբեջանի հետ։ Արդյունքում՝ ստացել ենք ձեռնտու գնով ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման երաշխիք», — ասել է Կոբախիձեն։
Ադրբեջանը Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն է և ապահովում է երկրի գազի ներկրման ավելի քան 90 տոկոսը։ Մնացած մասը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Համաձայնագրով նախատեսված տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի ծավալը ծածկում է Վրաստանի պահանջարկի մեծ մասը, որտեղ տարեկան սպառումը կազմում է ավելի քան 3 միլիարդ խորանարդ մետր։
Գազային համաձայնագրից բացի, Բաքուն ու Թբիլիսին պայմանավորվել են համագործակցել նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում, ինչը ներառում է դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը և երկրի տարածքով դրա տարանցումը։ Բացի այդ, կողմերը վերահաստատել են ադրբեջանական գազի հավելյալ ծավալները միջազգային շուկաներ տարանցելու պայմանավորվածությունների երկարաձգումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման աշխատանքների ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառում...
Ռուսաստանի հետ առևտրի անկումը շարունակվում է․ հրապարակվել են նոր տվյալները
2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2025 թվականի համապատասխան...
Ադրբեջանը 2025-ին Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար վճարել է ավելի քան 434 հազար եվրո
Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հ...