Պուտինի տապալումից հետո Ռուսաստանը կհեռանա Ուկրաինայից․ Սաակաշվիլի
DW-ն հարցազրույց է անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որն այժմ գտնվում է Թբիլիսիի բանտում։ Քանի որ լրագրողներին չի թույլատրվել անձամբ հանդիպել նրան կամ ուղղել լրացուցիչ հարցեր, պարբերականը հարցերն ուղարկել է գրավոր, իսկ Սաակաշվիլին պատասխանել է անգլերենով։
Հարցազրույցում նախկին նախագահը խոսել է իր բանտային պայմանների, իր դեմ հարուցված նոր քրեական գործերի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր գնահատականների, ինչպես նաև այն մասին, թե ինչու է կարծում, որ կոռուպցիան Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գլխավոր խոչընդոտը չէ։
Սաակաշվիլին նաև պնդել է, որ Թբիլիսին աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում, անդրադարձել է Վրաստանի անվտանգային իրավիճակին՝ հայտարարելով, որ երկիրը կանգնած է ռուսական լիակատար օկուպացիայի վտանգի առաջ, ինչպես նաև քննադատել է Գերմանիայի և Եվրամիության այն քաղաքական գործիչներին, որոնք, իր խոսքով, համագործակցում են ռուսամետ վրացական կառավարության հետ։
Պարոն Սաակաշվիլի, ինչպե՞ս եք զգում այժմ։ Ձեզ և ձեր փաստաբաններին հաջողվե՞լ է բարելավել բանտային պայմանները։ Պատմեք, խնդրում եմ, ձեր առօրյայի մասին։
Միխեիլ Սաակաշվիլի. Իմ բանտային պայմանները չափազանց ծանր են։ Գրեթե հինգ տարի ես գտնվում եմ մենախցում՝ օրական 24 ժամից 23-ը զրկված լինելով արևի ուղիղ ճառագայթներից։ Ինձ զբոսանքի են տանում մի փոքր տարածք, որն ընդամենը քիչ է գերազանցում խցիս չափերը և ծածկված է մետաղական ցանցով։ Գրեթե մշտապես մեկուսացված եմ՝ բացառությամբ փաստաբաններիս կարճատև այցելությունների, որոնք լինում են շաբաթական երկու, երբեմն՝ երեք անգամ։ Այդ մեկուսացումն իսկապես նվաստացուցիչ է։
– Ստանո՞ւմ եք անհրաժեշտ բժշկական օգնություն և աջակցություն։
Բժիշկների մեծ մասը կապված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ և անմիջականորեն ենթարկվում է Վրաստանի անվտանգության նախարարությանը։ Հենց նրանք են որոշում, թե ինչ բուժում պետք է ստանամ և ինչ ընդգրկվի ախտորոշման մեջ։ Բժշկական անձնակազմը լիովին վախեցած է։ Այս իրավիճակը մանրամասն նկարագրված է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցում, որի առաքելությունն ինձ այցելել էր 2024 թվականի հունվարին։
– Հնարավորություն ունե՞ք շփվելու ընտանիքի և ընկերների հետ։
Մորս տեսնում եմ ամիսը մեկ անգամ՝ ընդամենը մեկ ժամով։ Հանդիպման ընթացքում նրա հետ խոսում եմ հեռախոսով՝ պատուհանի միջոցով։ Ինձ թույլատրվում է զանգահարել միայն վեցամյա դստերս, ընդ որում՝ զրույցների ընթացքում արգելվում է խոսել քաղաքականության մասին։
– Որտեղի՞ց եք տեղեկանում Վրաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։
Շատ եմ կարդում և գրում։ Սոցիալական ցանցերում, կարծում եմ, տեղացի ամենաակտիվ քաղաքական գործիչն եմ։ Բանտում գրել եմ «Մեկ բարեփոխիչ՝ երկու երկրների համար» գիրքը, որը այս ամռանը կհրատարակվի Կիևում։ Հասանելիություն ունեմ մեկ ուկրաինական և մի շարք ռուսական հեռուստաալիքների։
– Ձեր բանտարկության ընթացքում Ձեր և Ձեր համախոհների դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել։ Դրանք վերաբերում են նաև այն գործողություններին, որոնք, ըստ քննության, իրականացրել եք հենց բանտից։ Դրանք քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում։
Ինձ, օրինակ, մեղադրում են մարդկանց հորդորելու համար սելֆի անել Իվանիշվիլիի տանը պահվող ընտանի շնաձկան հետ, ինչպես նաև՝ իբր Ուկրաինայի իշխանությունների հանձնարարականները կատարելու մեջ։ Սա, կարծում եմ, արդեն ինքնին ցույց է տալիս այս դատավարության աբսուրդը։ Ես առաջին քաղաքական առաջնորդն եմ, որին դատում են «սաբոտաժի» մեղադրանքով։ Սա 1930-ականների ստալինյան բառապաշար է։
Դատական նիստերը գրեթե ամեն օր են, քանի որ իշխանությունները շտապում են հնարավորինս արագ դատավճիռ կայացնել։ Հանրությանը չեն թույլատրում ներկա գտնվել այն նիստերին, որտեղ քննվում են իմ հրապարակային հայտարարությունների հիման վրա առաջադրված մեղադրանքները։ Իրավիճակի հեգնանքն այն է, որ ես Ուկրաինայի քաղաքացի եմ, և իմ պարտականությունն է գործել Ուկրաինայի շահերից ելնելով։ Հենց դրա համար էլ փորձում են ավելի երկար պահել ինձ բանտում։ Բոլոր մեղադրանքներով միասին ինձ կարող են դատապարտել ավելի քան 15 տարվա ազատազրկման։
– Արդյո՞ք այս մեղադրանքները կապված են Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հետ։
Անկասկած։ Կարծում եմ՝ այն քաղաքական գործիչների ցուցակը, որոնց պետք է բանտարկեին Վրաստանում, ուղարկվել է անմիջապես Մոսկվայից։ Իմ դեպքում դա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հրապարակային պահանջն էր։ Եթե նայեք մյուս գործերին, կտեսնեք, որ բոլորն առնչվում են հակառուսական բողոքներին, եվրոպամետ գործունեությանը կամ նման հայտարարություններին։
– ԵՄ-ն և Ուկրաինան բազմիցս կոչ են արել ազատ արձակել ձեզ կամ բուժման նպատակով տեղափոխել երրորդ երկիր։ Ինչո՞ւ, ըստ ձեզ, այդ կոչերը արդյունք չեն տվել։
Դրա համար պետք է հասկանալ Իվանիշվիլիի ռեժիմի էությունը։ Այն, իմ կարծիքով, հիշեցնում է Վիշիի Ֆրանսիայի և նացիստական Գերմանիայի հարաբերությունները. երկիրը պաշտոնապես օկուպացված չէ, սակայն իշխանությունները հետապնդում են Կրեմլի հակառակորդներին և հրաժարվում են միանալ հակառուսական ճակատին։ Շատ վրացի զինվորներ, որոնք կռվել են ռուսների դեմ, սպանվել կամ բանտարկվել են։
Այժմ հերթը հասել է քաղաքական գործիչներին։ Այս իրավիճակը փոխելու միջոց կա. Իվանիշվիլին, ինչպես Պուտինը, Լուկաշենկոն կամ ցանկացած այլ օլիգարխ, հասկանում է միայն ուժի լեզուն։ Նրա նկատմամբ եվրոպական պատժամիջոցները երկար ժամանակ արգելափակվում էին Վիկտոր Օրբանի կողմից։ Սակայն, իմ համոզմամբ, Իվանիշվիլին ամենից շատ վախենում է հենց եվրոպական պատժամիջոցներից, մինչդեռ Եվրոպան շարունակում է միայն սպառնալ՝ առանց վճռական քայլերի։
Իմ պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ ես շարունակում եմ լայն աջակցություն ունենալ Վրաստանում, և իշխանությունները պարզապես վախենում են ինձ ազատ արձակել։
– Չե՞ք վիրավորվում Գերմանիայից, որը, կարծես, մոռացել է ձեզ։
Երբ ինձ թունավորեցին, (ինչը, ըստ Սաակաշվիլիի, հաստատել են գերմանական և կալիֆոռնիական լաբորատորիաները, ինչպես նաև հայտնի տոքսիկոլոգ Դեյվիդ Սմիթը), իշխանությունները ստիպված եղան ինձ տեղափոխել հիվանդանոց։ Այդ օրերին Վրաստան էր այցելել Գերմանիայի այն ժամանակվա արտգործնախարար Աննալենա Բերբոկը։ Երբ լրագրողները հարցրել էին, թե ինչու Գերմանիան չի պահանջում իմ ազատ արձակումը, նա պատասխանել էր, որ ես պետք է գոնե ուրախ լինեմ, որ հիվանդանոցում եմ։ Այդ պատասխանը, մեղմ ասած, ոչ ոքի չբավարարեց։