Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում վերահսկողությունից դուրս եկած խոշոր անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանի մերձակայքում գտնվող շուրջ երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից տարհանվել է մոտ 10 հազար բնակիչ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Հրդեհը բռնկվել է Ֆրանսիական Պիրենեյների նախալեռներում՝ Իլ-սյուր-Տետ համայնքի շրջանում, և արդեն ոչնչացրել է շուրջ 4600 հեկտար տարածք։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կրակը շարունակում է արագ տարածվել, իսկ ուժեղ քամիները զգալիորեն բարդացնում են հրշեջների աշխատանքը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իրավիճակը կրկին վատթարացել է։
«Այս առավոտ պայմանները կրկին վատթարացել են։ Այսօր պայքարը վերսկսվում է»,- ասել է նա։
Իշխանությունները նշում են, որ վաղ ամռանը Ֆրանսիայում և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում գրանցված աննախադեպ շոգերն ու երաշտը մեծացրել են բուսածածկույթի չորությունը՝ այս տարվա ընթացքում անտառային հրդեհների վտանգը հասցնելով շատ բարձր մակարդակի։
Հրդեհը մոլեգնում է նաև «Տուր դը Ֆրանս» միջազգային հեծանվավազքի երրորդ փուլի երթուղու հարևանությամբ։ Անվտանգության նկատառումներով տեղական իշխանությունները փակել են մրցուղու այդ հատվածը հանդիսատեսի համար, որպեսզի հրշեջներն ու փրկարար ծառայությունները կարողանան անարգել հասնել հրդեհի գոտի։ Միևնույն ժամանակ կազմակերպիչները հայտնել են, որ մրցավազքը կանցկացվի նախատեսվածի համաձայն, սակայն թիմերին ուղեկցող ավտոշարասյունը կկրճատվի։
Հրդեհն անցել է նաև Իսպանիայի սահմանը։ Կատալոնիայի տարածքում կրակն այրել է շուրջ 2200 հեկտար տարածք, որի 97 տոկոսը գտնվում է «Les Gavarres» պահպանվող բնական գոտում։ Տեղական իշխանությունների գնահատմամբ՝ հրդեհն արդեն կայունացվել է, և եթե եղանակային պայմանները չվատթարանան, այն ամբողջությամբ կմարվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են հարյուրավոր հրշեջներ, հատուկ տեխնիկա և հրշեջ ինքնաթիռներ, որոնք օդից ջուր են լցնում կրակի հիմնական օջախների վրա՝ փորձելով կանխել դրա հետագա տարածումը բնակավայրերի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պակիստանում մարդատար ավտոբուսը գլորվել է ձորը․ զոհերի թիվը հասել է 40-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փահթտունհվա նահանգում ուղևորատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 4...
Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պ...
Պարզվել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկած...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...