Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որին հանձնվել է բողոքի նոտա՝ Ուկրաինայում SOCAR ընկերության օբյեկտների վրա իրականացված հարձակումների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն բանի առնչությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ռուսաստանի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանը։շ
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ սա առաջին նման դեպքը չէ։ Ավելի վաղ ռազմական հարվածների էին ենթարկվել նաև Ուկրաինայում գտնվող SOCAR-ի այլ օբյեկտներ, այդ թվում՝ գազաբաշխիչ կոմպրեսորային կայանն ու Օդեսայի նավթաբազան, ինչի հետևանքով ընկերությունը կրել է զգալի նյութական վնաս, իսկ աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ։
Բաքուն հայտարարել է, որ, չնայած նախկինում ռուսական կողմին հասցեագրված զգուշացումներին, նման միջադեպերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը նշել է, որ մի շարք ավիահարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանության և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը՝ ընդգծելով, որ Վիեննայի կոնվենցիաների համաձայն՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները պետք է պաշտպանված լինեն։
Ադրբեջանը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել իրականացնել բոլոր միջադեպերի համակողմանի քննություն, ներկայացնել պաշտոնական պարզաբանումներ և պահպանել միջազգային պարտավորությունները՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության հարցում։