8 ամսում բանակում ոչ մարտական պայմաններում 33 մահ է գրանցվել, 3-ը՝ վերջին 10 օրում․ Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է, որ 2026 թվականի 8 ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի թիվը հասնում է 33-ի, ընդ որում՝ երեք դեպք արձանագրվել է վերջին 10 օրվա ընթացքում։
Նա նշում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին, և դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար ընթանում է քննություն։ Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՊՆ-ն տեղեկացրել էր մեկ այլ զինծառայողի՝ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի, ինչի հետևանքով նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր, և դեպքի առթիվ նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ իրավապաշտպանի՝ սա մի իրավիճակ է, երբ պետք է ոչ միայն հերթական անգամ արձանագրել, որ քննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու համար, այլև տալ ավելի մեծ հարց՝ ինչ է կատարվում բանակում, և ինչու է զինծառայողների կյանքն այսքան հաճախ ընդհատվում ոչ մարտական պայմաններում։ Նա ընդգծում է, որ երբ մահերը հաջորդում են միմյանց, բավարար չէ միայն յուրաքանչյուր դեպքն առանձին քննելը, այլ պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները, թե ինչու են զինծառայողները մահանում, որտեղ են առաջանում ամենամեծ ռիսկերը, և ինչ է կատարվում այն զորամասերում, որտեղ կիրառվող կարգապահական պրակտիկան վերածվում է նվաստացման, ճնշման կամ վտանգավոր չգրված պատիժների համակարգի։
Հովհաննիսյանի խոսքով՝ առանձին ուսումնասիրության խնդիր է նաև հայհոյանքի և, այսպես կոչված, քֆուր դնելու չգրված օրենքը, որը կարող է դառնալ ոչ միայն մարդու արժանապատվության նվաստացման ու բազմաթիվ բախումների առիթ, այլև կյանքի իրավունքի խախտման պատճառ։ Վերջում նա նշում է, որ երիտասարդ կյանքերը պահպանելը պետության պարտավորությունն է, ոչ թե մեկ հաղորդագրությամբ ծնողի ձեռքը սև թուղթ տալն ու անհատական վարույթով սահմանափակվելը, և դա պետք է լինի յուրաքանչյուրի պահանջը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգային խնդիր։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մտնում է զորամասեր․ Պապիկյանը նոր հրաման է տվել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ տարվ...
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը կրակել և սպանել է ծառայակցին
Մամուլում տեղեկություններ են տարածվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում արձանագրված հերթական ողբերգական դեպքի մասին։ Այս մասին ավ...
Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ
Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգաման...
Կիևի մարզը՝ ԱԹՍ-ների հարվածի տակ․ զոհերի և վիրավորների թվում երեխաներ կան
ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով Կիևին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր, ինչի մասին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով...