Խստորեն դատապարտում ենք այս նողկալի ռազմական հանցագործությունը. ՌԴ ԱԳՆ-ի կոշտ ուղերձը՝ Զելենսկուն
Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային հասցված հարվածը, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ:
«Խստորեն դատապարտում ենք այս նողկալի ռազմական հանցագործությունը` իրականացված Զելենսկու նացիստական ռեժիմի կողմից, որը արևմտյան հրահանգիչների լուռ հավանությամբ արյունալի պատերազմ է սանձազերծել անպաշտպան կանանց, ծերերի և երեխաների դեմ», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր հարված են հասցրել Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի մարդաշատ շուկային: Նախնական տվյալներով` հարվածի հետևանքով 5 մարդ մահացել է, 18–ը` վնասվածքներ ստացել։
«Բայց Ուկրաինայի զինուժի զինյալներն այդքանով չեն բավարարվել։ Նրանք շարունակել են հարձակվել տուժածներին օգնության հասնողների վրա՝ նրանց վրա թափելով սեփական անհաջողություններից առաջացած անզոր կատաղությունը», – ասվում է մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ ողբերգության վայրում օպերատիվ շտաբ է ծավալվել։ Մարզի առողջապահության նախարարության տվյալով` 14 մարդ տեղափոխվել է Տոկմակի հիվանդանոց, առավել ծանր վնասվածքներ ստացած 4 անձ էլ` Մելիտոպոլ: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր մասնակիցները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն:
ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
«Կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառավարություններին, պատկան միջազգային կառույցներին և անկախ ԶԼՄ-ներին ազնիվ գնահատական տալ քաղաքացիական անձանց վրա Ուկրաինայի զինված ուժերի բարբարոսական հարձակմանը: Կիևի ռեժիմի անմարդկային չարագործությունների անտեսումը կնշանակի համաձայնություն նրա գործողություններին և դրանք շարունակելու քարտ-բլանշ», - նշել են նախարարությունում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։