Այս փոփոխությունը լավագույն լուծումն է. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ-ի որոշման մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 2026-2027թթ․ մրցաշրջանի ՀՊԼ և ԱԽ մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտավորվել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ։ Եթե ակումբն ունի ԱԽ-ում ելույթ ունեցող դուստր թիմ, ապա սահմանափակումը տարածվում է երկու թիմերի ընդհանուր հայտավորումների վրա, գրում է ArmSport-ը
Այս որոշումը տարակարծություններ է առաջացրել ակումբների և ֆուտբոլասերների շրջանակում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մի քանի ակումբ անհամաձայնություն է հայտնել ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված փոփոխությանը: Նրանք կոչ են անում ՀՖՖ Գործադիր կոմիտեին հրավիրել արտահերթ նիստ և վերանայել նշված որոշումը։
Այս հարցի վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։
«Մի քանի հայկական ակումբներ դեմ էին այն փոփոխությանը, որով մեկնարկային կազմում 3 հայ ֆուտբոլիստի փոխարեն պարտադիր պետք է հանդես գան 4 հայ խաղացողներ։ Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը։ Հասկանալով նաև ակումբների մտահոգությունները՝ ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փոփոխությունը լավագույն լուծումն է՝ ի շահ հայ ֆուտբոլիստների զարգացման։
Որոշ ակումբներ պնդում էին, թե մեկնարկային կազմում 4 հայ խաղացող ունենալու պահանջը կարող է ստեղծել արհեստական մրցակցություն։ Եթե այդպես է, ապա կարծում եմ՝ 15 լեգիոների սահմանաչափը լիովին բավարար է, որպեսզի հայ ֆուտբոլիստների համար ձևավորվի առողջ և բնական մրցակցային միջավայր։
Կարծում եմ՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը, իսկ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունենան իրենց տեղը նվաճել արդար մրցակցության պայմաններում։ Եվ, ի վերջո, եթե չենք ցանկանում հայ խաղացողների համար արհեստականորեն ապահովել խաղաժամանակ, ապա պարտավոր ենք նրանց համար ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որտեղ նրանք կկարողանան զարգանալ, ապացուցել իրենց որակները և արժանիորեն վաստակել իրենց տեղը թիմում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Այս փոփոխությունը լավագույն լուծումն է՝ ի շահ հայ ֆուտբոլիստների զարգացման. Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ որոշման մասին
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Կրիշտիանու Ռոնալդուի միջազգային կարիերան մոտենում է ավարտին․ քույրը՝ աղմկահարույց հայտարարությամբ
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, աղմկահարույց հայտարարություն է արել 41-ամյա հ...