Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում. Մանավազյան
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչության անդամ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։
Լրագրողների հետ զրույցում Մանավազյանն ասել է՝ շնորհակալ է թիմին բարձր վստահության համար։
«Քվեարկությունը եղել է փակ գաղտնի, ինչպես նախորդ ընտրությունները, և արդյունքում ընտրվել եմ ես։ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, և մենք շատ գործընկերային ենք։ Սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում։ Նույնը կանեի նաև ես»,- ասել է նա։
Արդյոք որոշիչ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ երկարատև աշխատանքի հանգամանքը։ Մանավազյանն նշել է՝ վարչապետի հետ, այո, երկար աշխատել է, սակայն վարչապետն իր մեկ ձայնն ունի, իսկ վարչության մնացած 19 անդամներն իրենց քվեարկությամբ որոշել են։