Արտահանողներին նոր աջակցություն․ կառավարությունը երկարաձգել է փոխհատուցման ծրագիրը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հուլիս ամսին ևս տրամադրելու, ինչպես նաև այլ ապրանքների վրա տարածելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով հունիսին ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։
Ըստ հիմնավորման՝ նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև հուլիս ամսվա համար։ Բացի այդ, արտահանման շուկաներում միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ հուլիսի ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
Որոշմամբ առաջարկվում է՝ ՀՀ տարածքից հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ, չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ, Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման մեջ՝ արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը հուլիս ամսին ևս տրամադրելու, ինչպես նաև այլ ապրանքների վրա տարածելու համար։ Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով հունիս ամսին ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։ Որոշմամբ առաջարկվում է փոխհատուցում տրամադրել նաև հուլիս ամսվա համար։ Բացի այդ, հուլիսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չորացրած մրգերով և բանջարեղենով, իշխան և թառափ տեսակի ձկներով։ Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ հուլիսին միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է՝ հուլիսի ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ, շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ, չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ, թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։