Առանց վիզայի Եվրոպա. ԵՄ-ն բացահայտեց, թե ինչ է մնացել Հայաստանին
Հայաստանը ներկայումս միակ գործընկեր երկիրն է, որը վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ, ինչը ցույց է տալիս գործընկերության մակարդակը. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով լրագրողի՝ վիզաների ազատականացման հարցում ՀՀ-ի գրանցած առաջընթացի վերաբերյալ հարցին:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ապրիլին հրապարակվել է առաջընթացի գործողությունների ծրագրի հաշվետվությունը։ Նա տպավորիչ է որակել արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնել հայկական կողմին այդ օրակարգին նվիրված լինելու համար՝ հավելելով, որ գիտի, թե որքան կարևոր է դա հայ ժողովրդի համար։
«Գնահատման նոր առաքելություններ կգան։ Այս աշնանը առաքելություն կգա՝ առաջընթացը և գործընթացը գնահատելու համար։ Մնացած հենանիշների ուղղությամբ, թարգմանելով պարզ լեզվով, սա գործընթաց է, որը առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաների ազատ ռեժիմի անցման։ Սա պարզապես անհրաժեշտ է՝ բարեփոխումների որոշ քայլեր ձեռնարկելու համար, և երբ դա ավարտվի, դուք կկտրեք եզրագիծը»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։
ՀՀ վարչապետն իր հերթին հիշեցրել է, որ նախընտրական շրջանում հայտարարել է 2 տարվա ընթացքում վիզաների ազատականացման իրավիճակ ունենալու խնդրի մասին։
«Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ․ շատ բան մեզնից է կախված՝ ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, և այդ թվում՝ այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Եվ, իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։