Տնտեսություն

Վենեսուելան և ԱՄՆ-ն նավթային գործարք են կնքել 25 տարով. Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան և ԱՄՆ-ն նավթային գործարք են կնքել 25 տարով. Դելսի Ռոդրիգես
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նավթային ոլորտում համաձայնագիրը գործելու է 25 տարի։ «Այս 25-ամյա երկկողմ ծրագիրը նպատակ ունի մշակելու նավթի 17 ռազմավարական…

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նավթային ոլորտում համաձայնագիրը գործելու է 25 տարի։ «Այս 25-ամյա երկկողմ ծրագիրը նպատակ ունի մշակելու նավթի 17 ռազմավարական հանքավայր՝ օրական 1,5 միլիոն բարել արդյունահանմամբ», — ասել է Ռոդրիգեսը պետական հեռուստատեսությամբ հղված ուղերձում։ Նրա խոսքերը մեջբերում են արևմտյան ԶԼՄ-ները։


Նա նշել է, որ օրական 1,5 միլիոն բարելի ցուցանիշը սկզբնական է, քանի որ հետագայում նախատեսվում է նավթի ևս ութ հանքաշերտի յուրացում։ Նրա հաշվարկներով՝ նախագծի իրագործումը Վենեսուելային հնարավորություն կտա ստանալ 209 միլիարդ դոլար՝ մեկ բարելի դիմաց 65 դոլար գնի պարագայում։ Ռոդրիգեսի պնդմամբ՝ վաճառված յուրաքանչյուր բարելից 19 դոլարն ուղղակիորեն կփոխանցվի Վենեսուելայի բյուջե։


Ժամանակավոր նախագահը հավաստիացրել է, որ Վենեսուելան կպահպանի ինքնիշխանությունը, բնական ռեսուրսների պաշարների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կստանա կապիտալ, տեխնոլոգիաներ և գիտելիքներ՝ պատժամիջոցներից տուժած ոլորտը արդիականացնելու համար։


Վենեսուելայում կոշտ գծի կողմնակիցները և ընդդիմությունն արդեն քննադատել են Կարակասի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Բլումբերգի աղբյուրները հայտնել են, որ համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթացել են առանց վենեսուելական ընդդիմադիրների մասնակցության։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Վենեսուելայի հետ կնքել է պատմության մեջ խոշորագույն նավթային գործարքը։ Նա հստակեցրել էր, որ այս գործարքի շնորհիվ ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա Վենեսուելայում նավթի ավելի քան 65 միլիարդ բարել ապացուցված պաշարների նկատմամբ «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»։ Իր հերթին, ԱՄՆ  պետքարտուղար Մարկո Ռուբիոն համոզում էր, որ Վենեսուելան կստանա մոտ 100 միլիարդ դոլարի մասնավոր ներդրումներ և նոր աշխատատեղեր՝ Վաշինգտոնի հետ կնքված նավթային գործարքի շնորհիվ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250