Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հնարավոր է հրաժարական տա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հնարավոր է հրաժարական տա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտնել իր հրաժարականի մասին, քանի որ կորցրել է իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների վստահությունը։


Այս տեղեկությունը փոխանցել է The Observer շաբաթաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ըստ թերթի տվյալների՝ Սթարմերը կառավարության անդամների, սեփական խորհրդականների, արհմիությունների ղեկավարների, ինչպես նաև Լեյբորիստական կուսակցության դոնորների հետ ունեցած քննարկումներից հետո հանգել է այն եզրակացության, որ այլևս ի վիճակի չէ զբաղեցնել Դաունինգ սթրիթ, 10 հասցեում գտնվող գրասենյակը։ Նախատեսվում է, որ նա պաշտոնից հեռանալու որոշման մասին կհայտնի գալիք շաբաթ, հնարավոր է՝ հենց հունիսի 22-ին։ Պարբերականը նշում է, որ Սթարմերը կհստակեցնի իր հեռացման ժամկետները, որպեսզի ապահովի իշխանության կանոնակարգված փոխանցումը։ Բավականին հավանական է, որ նա պաշտոնն օրինականորեն կլքի սեպտեմբերին՝ մինչև Լեյբորիստական կուսակցության համագումարի մեկնարկը։


Ավելի վաղ Սթարմերը պնդում էր, որ սեփական կամքով հրաժարական չի ներկայացնի նույնիսկ այն բանից հետո, երբ իր կուսակից, Մեծ Մանչեսթեր կոմսության քաղաքապետ Էնդի Բերնեմը հաղթանակ տարավ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատ) լրացուցիչ ընտրություններում։ Կարծիք կա, որ ներկայում Բերնեմը կարող է մարտահրավեր նետել Սթարմերի առաջնորդությանը, քանի որ վերջինս զրկվել է Լեյբորիստական կուսակցության ձախ թևի աջակցությունից։


Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամը սկիզբ է առել մայիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Դրանց արդյունքներով Լեյբորիստական կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ կորցրել է վերահսկողությունը Ուելսի խորհրդարանի նկատմամբ։ Անգլիայի տարբեր օրենսդիր մարմիններում լեյբորիստները նախկինի համեմատ 1,4 հազարով պակաս ներկայացուցիչ են անցկացրել։ Սթարմերն ընտրական ձախողման պատասխանատվությունը վերցրել է իր վրա, սակայն հրաժարվել է լքել լեյբորիստների ղեկավարի ու վարչապետի պաշտոնները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250