ՀԷՑ-ում քննարկել են էլեկտրացանցին միացման նոր կարգի ներդրումը
ՀԷՑ-ում քննարկել են էլեկտրացանցին միացման նոր կարգի ներդրումը: Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով.
«Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում.
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Շինարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության գլխավոր տնօրինությունների ղեկավարները։
Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախօրեին ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։
Ժամանակավոր կառավարիչն իր խոսքում առանձնահատուկ նշեց, որ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված այս բարեփոխումը նման ձևաչափով արդյունավետ համագործակցության արդյունք է, քանի որ դրա անհրաժեշտությունը քննարկվել էր դեռ ամիսներ առաջ՝ աշխատանքային քննարկման ընթացքում, և ոլորտի տնտեսվարողների կողմից պատշաճ հիմնավորվել էր այդ փոփոխության անհրաժեշտությունը։
Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն ինքնին բարդացնում էր գործընթացը:
Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով։
Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև
վերջիններիս համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ Ընկերությանը հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։
Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոլորտային հիմնախնդիրների համատեղ քննարկմանը, արդյունավետ լուծումների մշակմանը և էլեկտրամատակարարման համակարգի կայուն զարգացմանը։
Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը:
Մասնակիցների գնահատմամբ՝ նոր կարգավորումները կարևոր քայլ են ոլորտի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով միացման գործընթացների պարզեցմանը, ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը և կառուցապատման ոլորտում տնտեսավարման գործընթացների բարելավմանը»,– նշվում է ՀԷՑ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա...
Փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ մանրամասներ
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարեն...