Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է անում հավաքվել ԿԸՀ շենքի դիմաց
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ձայն են բարձրացնելու և պահանջելու են առաջնորդվել օրենքներով ու Սահմանադրությամբ։
Նա հիշեցրել է, որ այսօր ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ընտրությունների վերջնական արդյունքներն ու դիրքորոշումը։ Սաղաթելյանի փոխանցմամբ՝ երեկ վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու բողոքները, բայց միաժամանակ, ըստ էության, պարտավորեցրել է ԿԸՀ-ին անդրադառնալ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ընտրությունները վերանշանակելու հարցին։ Նշվում է նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նույնպես դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ու հիմնավորումներով, հետևաբար հանձնաժողովը քննարկելու է այս հարցերը։
Ըստ Սաղաթելյանի՝ ԿԸՀ-ն կանգնած է երկու ընտրության առջև՝ կամ առաջնորդվել հանցագործ ռեժիմի պատվերով, շարունակել կեղծել արդյունքները և գնալ հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով, պատշաճ գնահատական տալ ընդդիմադիր ուժերի բողոքներին ու պաշտպանել ժողովրդի կամարտահայտությունը։ Գործիչը կարևորել է քաղաքացիների ձայնն ու ներկայությունը՝ կոչ անելով հայրենակիցներին ևս ներկա գտնվել հավաքին։
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ակտիվ ու կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև։ Ըստ նրա՝ ընդհանուր մոտեցումներում կա համաձայնություն, քննարկումները դեռ շարունակվում են, և առաջիկայում ընդդիմությունը հանդես կգա ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով։