Հայաստանում 2018 թվականից ի վեր շուրջ 5000 կմ ճանապարհ է նորոգվել ու կառուցվել
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ երկրում ճանապարհաշինության գծով գործում է երկու հիմնական պատվիրատու։ Մեկը համայնքներն են՝ գլխավորապես սուբվենցիոն ծրագրերով, իսկ մյուսը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։
Նախարարի պարզաբանմամբ՝ իրականացված աշխատանքների մի մասը եղել է միջին նորոգում, իսկ մյուս մասը՝ հիմնանորոգում։ Սովորական երթևեկության պայմաններում միջին նորոգման շահագործման ժամկետ է սահմանվում 5 տարին, որից հետո ճանապարհը կրկին ենթակա է միջին նորոգման։ Մայրաքաղաքում և առավել ինտենսիվ երթևեկությամբ հատվածներում այդ ժամկետը կազմում է 4 տարի։ Սա նշանակում է, որ նույնիսկ 2018 թվականին կատարված ամենաորակյալ միջին նորոգումից հետո ճանապարհը 2023-2024 թվականներին դարձյալ պետք է նորոգվեր։ Հիմնանորոգման պարագայում շահագործման ժամկետը շուրջ 8-10 տարի է, և նույնիսկ լավագույն որակի դեպքում այն այդ ժամկետի լրանալուն պես ենթակա է նորոգման։ Հետևաբար, միևնույն ճանապարհահատվածում 5 տարին մեկ աշխատանքների իրականացումը չի վկայում նախորդ գործընթացի վատ որակի մասին։
Դավիթ Խուդաթյանը միաժամանակ նշեց, որ սա չի նշանակում, թե ճանապարհաշինությունն ընթանում է ամբողջությամբ առանց թերությունների։ Չնայած վերջին տարիներին արձանագրված որակական էական փոփոխություններին՝ եղել են ճանապարհներ, որոնց կառուցման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով կատարվել են վերանորոգումներ՝ հենց շինարարների սեփական միջոցների հաշվին։ Ըստ նախարարի՝ քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նոր կառուցված ճանապարհը կրկին է կառուցվում, սակայն իրականում արձանագրված որակական խնդիրների պատճառով կապալառուն սեփական ծախսերով իրականացնում է շերտի փոփոխություն կամ ամբողջական վերակառուցում։ Որպես այդպիսի օրինակ նշվեց Վայոց ձորի՝ Ելփինով անցնող ճանապարհահատվածը։