Եվրոպան Հայաստանին պետք է աջակցի Ռուսաստանի ճնշումների ֆոնին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին՝ Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին։
X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը «այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում հարևան երկրներին, քան նախկինում», և որ «Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ էր ասվում Հայաստանի մասին, մինչդեռ միայն Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշելու և կորոշի իր երկրի ապագան»։
«Ոչ ոք չպետք է մնա առանց աջակցության։ Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից որևէ մեկին, անտեսելու որևէ երկիր։ Անհրաժեշտ է աջակցել Հայաստանին։ Անհրաժեշտ է աջակցել Մոլդովային, Բալթյան երկրներին։ Անհրաժեշտ է աջակցել Ադրբեջանին։ Մենք պետք է ուղիներ գտնենք աջակցելու նաև Վրաստանի ժողովրդին, և դա համաեվրոպական խնդիր է։ Ոչ ոք չպետք է կորսվի»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը, հայտարարել էր, որ «Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու փորձերից»։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 14 տոկոսի կորստի և էներգակիրների գների աճի։
Բացի այդ, Մոսկվայի կոշտ արձագանքն էին առաջացրել Զելենսկու հայտարարությունները, որոնք նա հնչեցրել էր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում։
Վերջին ամիսներին Ռուսաստանը նաև հետևողականորեն սահմանափակումներ է մտցնում հայկական արտահանման նկատմամբ։ Մայիսի 28-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն ստացել է Ռուսաստանի ծանուցումը՝ նավթամթերքների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին՝ այն դեպքում, եթե Երևանը միանա Եվրամիությանը։
Ավելի ուշ Երևանը հաստատել էր ՌԴ էներգետիկայի նախարարի նամակի ստացումը։