Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 26-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստին, որտեղ քննվել են հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով ներկայացված բողոքները։
Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործը վերաքննիչ ատյանում չի քննվելու, քանի որ նա դեռ սկզբնական փուլում հրաժարվել էր բողոքարկումից՝ այն համարելով անարդյունավետ։
Նա նշել է, որ գործով ձևավորվել է նոր դատական կազմ, իսկ կողմերը սահմանափակվել են ինքնությունների ճշտմամբ։ Ըստ Սահակյանի՝ դատարանը որոշել է շարունակել քննությունը՝ առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման, ինչի արդյունքում վերաքննիչ գործընթացը ծավալային առումով գրեթե չի տարբերվելու առաջին ատյանի դատավարությունից։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 2-ին։
Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ՝ դատավարություններից արդարացման կամ պատժի մեղմացման ակնկալիքներ չկան։ Նրա խոսքով՝ գործընթացը հիմնականում ծառայում է Ադրբեջանի ներքին քարոզչական և հակահայկական օրակարգին։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, թե իբր Ռուբեն Վարդանյանը կարող է ազատ արձակվել, Սահակյանը նշել է, որ նման տեղեկություններ իրենք չունեն։ Ըստ նրա՝ հակառակը՝ շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող և, հավանաբար, պետական մակարդակով ուղղորդվող տեղեկություններ, այդ թվում՝ Վարդանյանին Ուկրաինա արտահանձնելու հնարավորության վերաբերյալ։
Նա հիշեցրել է, որ վերջերս հրապարակվել է փաստաբանների միջազգային հանձնաժողովի զեկույցը՝ Ադրբեջանի դատավարությունների վերաբերյալ, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Ռուբեն Վարդանյանի գործին։ Զեկույցում արձանագրվել է, որ դատավարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ դատավորների և փաստաբանների անկախությունը լուրջ կասկածների տակ է դրված։ Սահակյանի կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունները ցավագին են ընդունել այդ գնահատականները և այժմ փորձում են հակաքարոզչական արշավ իրականացնել՝ Վարդանյանի անունը կապելով Ուկրաինայի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում մեղադրվում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Ռուբեն Վարդանյանին, ի թիվս վերոնշյալ մեղադրանքների, վերագրվում է նաև այդ գործողությունների ֆինանսավորումը»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...