16:00 Լուրերը մեկ տողով. ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դիտարկվում, կոշտ հակադարձում Բելառուսից, Իրանի պահանջը ԱՄՆ-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման սցենար այս պահին չի քննարկվում, իսկ հայկական գյուղմթերքի ներմուծման վերջին սահմանափակումները կրում են զուտ տեխնիկական բնույթ։
· Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Բելառուսի նախագահը սուտ է որակել Հայաստանի վարչապետի հայտարարությունները նոր տարանցիկ գազատարի կառուցման և դրանից ստացվելիք մեծ եկամուտների մասին՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն արդեն իսկ երկրին շուկայականից բազմակի էժան գազ է մատակարարում։
· Ռուսական արգելքը սպառնում է հայկական ելակի արտահանմանը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ անցած տարվա 11 ամիսներին Հայաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 12 միլիոն դոլարի ելակ, և ռուսական շուկայի հնարավոր կորուստը երկրին կզրկի այս ապրանքատեսակի արտահանման գրեթե ողջ եկամտից։
· Հացադուլ հայտարարած քաղաքական գործչի վիճակը ծանր է։ Վարչապետի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 13-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը և գտնվում է ծայրահեղ հյուծված վիճակում։
· «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խոստանում է աջակցել Գյումրիին։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գյումրեցիների հետ հանդիպմանը մատնանշել է, որ հանրապետության երկրորդ քաղաքը Երևանի համեմատ մոտ քսանապատիկ պակաս բյուջետային աջակցություն է ստանում, և խոստացել է լուծել այս անհամամասնությունը։
· Էդմոն Մարուքյանն առաջարկում է բացառել բացարձակ իշխանությունը։ ԼՀԿ առաջնորդը Գյումրիում հայտարարել է, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մեծամասնություն, և կոչ է արել ձևավորել կոմպրոմիսային խորհրդարան, որը փոխզիջումների միջոցով կընտրի նոր, չեզոք վարչապետ։
· Իրանը պայման է դրել ԱՄՆ-ի հետ գործարքի համար։ Իրանի խորհրարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրենք չեն հաստատի որևէ համաձայնագիր, քանի դեռ ամբողջությամբ չեն ապահովվել և պաշտպանվել իրանցի ժողովրդի իրավունքները տնտեսական ու տեղեկատվական ճնշումների պայմաններում։